«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2012-04-24 | #75, 2012-04-26 | #76, 2012-04-27


ԼՐԱՑԱՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԿՍՎԵՑ

Երեկ ԿԸՀ նիստում հաստատվեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների` մեծամասնական եւ համամասնական կարգով քվեաթերթիկների նմուշները: Համամասնական կարգով քվեաթերթիկում ընտրողը կգտնի ընտրության մասնակից 9 ուժերի անունները այբբենական կարգով` ԲՀԿ,«Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀՀԿ,«Միավորված հայեր», ՕԵԿ: Չնայած այս քվեաթերթիկները սպիտակ են, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` քվեաթերթիկներն ունեն կապույտ պաշտպանիչ շերտ, որը տեսանելի է միայն խոշորացույցով: Ընտրողի հեշտ տարբերակման համար էլ մեծամասնականի քվեաթերթիկը նարնջագույն է լինելու: Այն ընտրատարածքներում, որտեղ մեկ թեկնածու կա (Գ. Ծառուկյանի եւ Ս. Բալասանյանի), ոչ թե թեկնածուի անվան դիմաց է ընտրողը նշելու, այլ «կողմ» եւ «դեմ» քառակուսիների: Երեկ երեկոյան «Տիգրան Մեծ» տպարանում քվեաթերթիկների տպագրությունն սկսվեց:

Երեկ լրացավ նաեւ երկու ընտրակարգով էլ ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: ԿԸՀ նիստում հայտնի դարձավ վերջին մի քանի օրվա ընթացքում համամասնական կարգով թվով 9 ինքնաբացարկի մասին. ՕԵԿ-ից ինքնաբացարկ են ներկայացրել Մանուկ Վարդանյանը (տրանսպորտի եւ կապի նախարարը, 13-րդ համար), Մհեր Համբարձումյանը (15-րդ համար), ինչպես նաեւ Սուսաննա Աբրահամյանը, Մարգարիտ Հակոբյանը եւ Կարինե Ծաղիկյանը: Մեծամասնական կարգով 4 ինքնաբացարկ է եղել` Արմեն Եփրեմյան (թիվ 4 ընտրատարածք), Գագիկ Շահնազարյան (թիվ 10), Գրիշա Հովեյան (թիվ 22), Գորկի Գրիգորյան (թիվ 39): Ավելի վաղ մեծամասնականի ինքնաբացարկներ նույնպես եղել էին, այնպես որ մեծամասնական կարգով թեկնածուների ընդհանուր թիվը մնաց 139 թեկնածու` 41 մանդատի համար:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4