Երեկ մարդաշատ էր հայոց մեծերի պանթեոնը: Բոլորը եկել էին հարգանքի տուրք մատուցելու, մեծարելու այն մեծ բանաստեղծինՙ Հովհաննես Շիրազին, որի չքնաղ տողերը մշտապես դարձել են աշխարհի բոլոր հայերի համար ուղենիշ: Շիրազյան ոգով դաստիարակվածները այսօր զգում եւ հասկանում են, որ նա հայոց պետական անկախության հիմքերը դրել էր սերունդների հոգիներում շատ ու շատ տասնամյակներ առաջ: Ժողովրդի նվիրյալ էր Շիրազը ու կանխազգում էր, թե ինչ է լինելու տասնամյակներ հետո:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Բեյրութի «Բագին» ամսագրի խմբագիր Սարգիս Կիրակոսյանը մեծ պոետի հիշատակին գնահատանքի խոսքեր ասացին: Հովհ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցի սաները մոտ մեկ ժամ ասմունքեցին Շիրազի բանաստեղծությունները եւ երդվեցին մեծ գրողի պատգամները երբեք չմոռանալ: Շիրազյան տողերով ողողված պանթեոնը երեկ դարձել էր ուխտատեղի ու մարդկանց հոսքը չէր դադարում:
Շիրազյան շունչն ու ոգին շարունակվեց տարածվել ավելի ուշ ՀԳՄ կամարների ներքո, որտեղ կայացավ Սամվել Մուրադյանի «Հովհաննես Շիրազ» մենագրության առաջին հատորի շնորհանդեսը: Այն բացեց Լեւոն Անանյանը եւ բարձր գնահատեց Ս. Մուրադյանի աշխատությունը, որը հեղինակի շուրջ երեք տասնամյակ Շիրազ գրողի, մարդու հետ ջերմ ու բարեկամական կապերի արդյունքից ծնված հուշերն են եւ վկայությունները: Ելույթներ ունեցան գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրքի հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը (Լոս Անջելես), Անուշ Նագաշյանը (Երուսաղեմ), բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը եւ, իհարկե, գրքի հեղինակ Սամվել Մուրադյանը: Ելույթները ընդմիջվում էին Գայանե Սամվելյանի եւ Շիրազի անունը կրող թիվ 106 դպրոցի սաների ասմունքով, Արսեն Համբարձումյանի երգով: Լեւոն Անանյանը Սամվել Մուրադյանին հանձնեց ՀԳՄ վարչության որոշմամբ, գրական վաստակի համար շքանշանը եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հովհաննես Շիրազ բանաստեղծն իրոք կենդանի լեգենդ էր, եւ այդ լեգենդը շարունակվում է այժմ եւ հետո: Նրան մեծարում էին «Հայ դասական քնարերգությունը եզրափակող բանաստեղծ», «Հայոց վշտի բանաստեղծ» եւ այլ պատվանուններով, որոնք մասամբ էին համապատասխանում նրա բուն էությանը: Նրա մահից անցել է երեք տասնամյակ, բայց նրան հիշում են, ասմունքում ու շատ հաճախ էլ մեջբերումներ անում: Սամվել Մուրադյանը այս մենագրությամբ ներկայացրել է իր ճանաչած Շիրազ գրողին, մարդուն եւ ըստ կարելվույն բնութագրել նրա ստեղծագործությունը: Գրքում ներառված են նաեւ հեղինակի նախկինում տպագրած հոդվածներն ու ուսումնասիրությունները: Վեց բաժիններից բաղկացած գիրքը հրաշալի նվեր է գրականագետներին, ուսանողներին եւ ընթերցողներին: Հրատարակվել է ԵՊՀ հրատարակչությունում: Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը, իսկ հովանավորներն են տեր եւ տիկին Հովսեփ եւ Կարոլին Նալբանդյանները (Լոս Անջելես): Գիրքը, որի միակ օրինակը ներկայացվեց շնորհանդեսին, նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ