ԿԲ-ն էլ հրաժարվում է քաղաքացիների իրավունքները պաշտպանել
Մի քանի տարի առաջ Հայաստանի կենտրոնական բանկը կտրուկ քայլեր ձեռնարկեց փոխանակման կետերի դեմ, որպեսզի վերջիններս զբաղվեն իրենց բուն գործունեությամբ` սպասարկեն քաղաքացիներին, այլ ոչ թե ստվերային բիզնեսը: Շատերը կհիշեն, որ այն ժամանակ մեծ խնդիր էր 10 կամ 20 դոլար փոխանակելը, քանի որ փոխանակման կետերը հրաժարվում էին դա անել, ասելով, որ «մանր չունեն»: Նրանց մեծ մասը հիմնականում սպասարկում էր ստվերային բիզնեսը եւ քաղաքացիների 10 կամ 20 դոլար փոխանակելը նրանց համար իսկապես «մանր» գործ էր: Հիշեցնենք, որ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հիշատակեց նաեւ ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ փոխանակման կետերը պարտավոր են սպասարկել քաղաքացիներին: Ինչո՞ւ ենք սա հիշեցնում:
Վերջերս Երեւանի բանկերից մեկի փոխանակման կետում ցանկացանք եվրոն փոխանակել դրամով, սակայն, ի զարմանս մեզ, բանկի աշխատակիցը համաձայնեց փոխանակել ոչ ամբողջ գումարը, մասնավորապես հրաժարվելով վերցնել 2 եվրոյանոց մետաղադրամը: «Ինչո՞ւ» հարցին այդպես էլ պատասխան չստացանք: «2 եվրոն չենք փոխանակում, մնացածը փոխանակե՞նք», սա փոխանակման կետի աշխատակցի հարց-վերջնագիրն էր: Արդեն հետաքրքրությունից դրդված փորձեցինք փոխանակել մնացած 2 եվրոն այլ փոխանակման կետերում, բայց ապարդյուն: Բոլորը միաբերան հրաժարվեցին, դարձյալ ոչ մի կերպ չպատճառաբանելով իրենց որոշումը:
Թվում էր, թե քաղաքացիների իրավունքի եւ շահերի ոտնահարման այս վրդովեցուցիչ փաստը բանկերի եւ մյուս փոխանակման կետերի կամայական մոտեցման արդյունք էր: Ուստի պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, նրան ուղղելով հետեւյալ հարցերը.
1. Ո՞ր օրենքի ո՞ր հոդվածի համաձայն, Հայաստանում ԿԲ-ից լիցենզիա ստացած փոխանակման կետերը իրավունք ունեն մերժելու մետաղադրամով մանր համարվող արտարժույթը դրամով փոխանակելը:
2. Եթե այդպիսի օրենք կամ դրույթ չկա, ապա ի՞նչի հիման վրա են նրանք մերժում քաղաքացիներին այդ ծառայությունը մատուցելը, դա օրինակա՞ն է, եւ եթե ոչ, ապա դրա համար ի՞նչ պատիժ է նախատեսված:
3. Քաղաքացիները ո՞ւմ կարող են դիմել, երբ խախտվում են նրանց շահերն ու իրավունքները կոնկրետ այս դեպքում: ԿԲ-ն չի՞ պատրատվում պահանջել փոխանակման կետերից կատարել քաղաքացիներին ծառայություններ մատուցելու իրենց պարտավորությունը:
Ի պատասխան ստացանք պարզաբանում, որ փոխանակման կետերը պարտավոր են փոխանակել միայն ՀՀ դրամ մետաղադրամները եւ իրավունք ունեն չփոխանակել արտարժույթ մետաղադրամները: Փաստորեն, Կենտրոնական բանկի կարծիքով նույնպես, փոխանակման կետերը կարող են չփոխանակել քաղաքացիների մոտ եղած մետաղադրամները, իսկ թե ինչո՞ւ, ո՞ր օրենքի համաձայն կամ ո՞վ պետք է պաշտպանի քաղաքացիների իրավունքները, բնական է, որ անհայտ մնաց: Սրա հետ փաստորեն անհայտ մնաց, թե ԿԲ ներկայիս նախագահն ինչպե՞ս է վերաբերվում ԿԲ նախորդ նախագահ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ փոխանակման կետերը պարտավոր են սպասարկել քաղաքացիներին եւ փոխանակել նրանց գումարները: Իսկ գուցե ԿԲ նախագահի փոփոխությամբ ԿԲ-ի մոտեցո՞ւմն էլ է փոխվում այս հարցի վերաբերյալ: Այսինքն, Տիգրան Սարգսյանը գտնում է, որ փոխանակման կետերը պետք է սպասարկեն քաղաքացիներին, իսկ Արթուր Ջավադյանը անշուշտ համաձայն լինելով դրան, գտնում է, որ դրանք պարտավոր չեն լրացուցիչ ծախս անել մետաղադրամի պարագայում, քանի որ մետաղադրամը պահելը, փոխանակելը ծախսատար է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ