ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պրծանք հարցախույզներից եւ սոցիոլոգիական հարցումներից, օրենսդրությունն այս շաբաթ թույլ չի տալիս այլեւս սոցհարցման արդյունք հրապարակել: Իսկ այդ հարցումներում, նայած պատվերի, մի մասում ՀՀԿ-ն էր մինչեւ 40 տոկոսի խփում, ԲՀԿ-ն մնում է 22-25 տոկոսի սահմաններում, մյուս մասում ԲՀԿ-ն է 40 տոկոսի մատույցներում, ՀՀԿ-ն, է՜, որտեղ է, հազիվ մոտենում կամ մի քիչ անցնում է 20 տոկոսը: Ուրեմն պետք է գումարել եւ բաժանել հանդիպակա սոցհարցումների արդյունքները, որովհետեւ հավանաբար իրականությունը դրանց մեջտեղում է: Բայց հարցումների հետաքրքրական մասն, իհարկե, մնացածի տոկոսներն են, որոնցով շատ լավ երեւում է` ով ում բարեկամն է: Նայած ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», Դեմկուսին, «Միավորված հայերին», Կոմկուսին ինչ տոկոսներ են տրված այս կամ այն հարցումի մեջ` դրանից կարելի է եզրակացնել երկու դոմինանտ ուժերից ո՞ր մեկի ազդեցության ծիրում են այս ուժերը (այս մասին մի փոքր ուշ կխոսենք):
Ընտրություններն արդեն քթի տակ են` 4 օր հետո արդեն լռության օրվա մեջ կհայտնվենք: Ջրերը մի քիչ, այնուամենայնիվ, պարզվել են, ու անգամ նոր հայտնություններ էլ են լինում: Հավանաբար այս մի քանի օրը ականատես կլինենք նրան, ինչ չենք տեսել ողջ քարոզարշավի ընթացքում: Իսկ երեկվա անակնկալն այն էր, որ ՀՅԴ-ն հայտարարեց թիվ 4 ընտրատարածքում «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին աջակցելու մասին, ով, սակայն, այնքան էլ չէր զարմացել այդ հայտարարությունից, չնայած ի թիվս միանման մոտեցումների` նա նաեւ տարաձայնություններ ուներ այս կուսակցության հետ մի շարք հարցերում: Երեկ Ս. Սեյրանյանը նշել է, որ այլ քաղաքական ուժեր եւս պաշտպանում են իրեն, այդ թվում` կոալիցիայի առողջ հատվածը: Առողջ հատվածը չգիտենք, իսկ այ, «Ազատ դեմոկրատների» մասին լսել էինք, բայց քանի որ այս ընտրատարածքում առաջադրված է նաեւ «Ժառանգության» թեկնածու Զարուհի Փոստանջյանը (ՀՀԿ-ից Արտակ Սարգսյանն է` ՍԱՍ-ի Արտակը, ՀՀՇ-ից Արամ Մանուկյանը), այդ աջակցությունը մնաց չհայտարարված:
Այս փաստը մի անգամ եւս ցույց է տալիս մեր նախընտրական խառնաշփոթ իրավիճակը, որի մասին գրել էինք «Ազգում», քարոզարշավի երկու շաբաթն ամփոփելիս: Իսկ թիվ 4 ընտրատարածքն այն լավագույն օրինակն է, որով երեւում է, թե ինչպե՞ս կարելի է կտոր-կտոր անել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Ասենք` դա էլ է մեր քաղաքական դաշտի պատկերը, քանի որ ընդդիմադիր միավորները, եւ հատկապես ընտրությունների մասնակից, քիչ է ասել, որ իրար չեն սիրում, կարելի է ասել` իրար ատում են: Բայց սա իրողություն է, պայմանավորված խանդոտ մրցակցությամբ, եւ խորհրդարանում էլ, գուցե հենց այդ պատճառով, առավել ներկայացված կլինեն իշխանական ուժերը:
Հիմա վերլուծաբաններն առաջ են նայում` ոչ թե ընտրություններում այս կամ այն ուժի հաղթանակի կամ հնարավորինս բարձր տոկոս ստանալու խնդիրներն են դիտարկվում, այլ նաեւ` թե հետո ո՞վ ում հետ է կոալիցիա կազմելու, ըստ դրա` հայացք է նետվում դեպի նախագահական ընտրություններ: Թե ՀՀԿ-ն` ո՞ւմ, եւ ԲՀԿ-ն ո՞ւմ հետ կոալիցիա կկազմեն, ըստ այդմ էլ կծավալվի հեռագնա պայքարը դեպի նախագահական ընտրություններ: Ակնարկը թափանցիկ է` խորհրդարանում ունեցած կոնֆիգուրացիաները թելադրելու են ապագա նախագահական ընտրությունների թեկնածուների դիրքերը, ու ոչ ոք չի կասկածում, որ դրանց մեջ են ե՛ւ ներկա նախագահը, ե՛ւ նախկինը` անձամբ կամ միջնորդավորված: Եվ ՀԱԿ-ի շրջանակները հույս ունեն, թե իրենց առաջնորդը եւս կառաջադրվի (եթե իհարկե, ՀԱԿ-ը նորմալ ներկայացված լինի խորհրդարանում):
Օտար շահերը եւս լիովին ներկայացված են մեր ընտրություններում` ե՛ւ քաղաքական ուժերին աջակցության, ե՛ւ գաղտնի զորաշարժերի տեսքով, բայց երբեմն այդ զորաշարժերն այնքան ակնհայտ են դառնում, որ զգուշությունը չի խանգարի` դրսի շրջանակների հրահրմամբ կամ մասնակցությամբ ֆորսմաժորային իրավիճակ չունենալու առումով:
Ընդհանուր առմամբ քարոզարշավի անցած շաբաթվա տպավորությունը նախորդների ուղղվածությունից դուրս չէր. ՀՀԿ-ն ուզում է վերարտադրվել (ՀՀԿ փոխնախագահը լրատվամիջոցներից մեկին ասել էր իր եւ ՀՀԿ-ի ցանկությունը` «67 մանդատ կունենանք»), ԲՀԿ-ին պետք է որ այժմյան 29 պատգամավորական մանդատին գումարվի գոնե եւս մի տասնյակ, կամ գոնե պահպանի եղածը: Այսպես թե այնպես, ազդեցությունների խնդիրը լայն առումով որոշելու են մյուս ուժերը, որ կմտնեն խորհրդարան. ՀՀԿ-ին մոտ կանգնած կուսակցությունները մեծաթիվ մանդատներ կունենա՞ն, թե՞ ԲՀԿ-ին մերձ կանգնածները: Այսօրվա քարոզարշավի ինտրիգն էլ հենց այն է, որ անկախ սոցհարցումներով առաջարկված պատկերներից, ընտրություններից 5 օր առաջ էլ ընտրողների զգալի տոկոս մնում է շփոթված, չկողմնորոշված, եւ անկախ շահագրգռություններից, չի կարողանում անելիքը որոշել: Այնպես որ երկու տարբերակն էլ հնարավոր է. եթե ԲՀԿ շահերի տարածքի մանդատավորները շատ լնեն, խորհրդարանական քարտեզի պատկերը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ն ու նրա հետ պոտենցիալ դաշինքավորները քիչ մանդատ ունենան, կկրկնվի նախորդ խորհրդարանի պատկերը:
Առեւերեւույթ քարոզարշավը դեռ այսօր, մայիսի 1-ին, բավական հանգիստ է, ու լոկալ ցնցումներից, մեկ-երկու քաշքշոցից ու մի շարք լեզվակռիվներից այն կողմ չի անցել: Այնպիսի տպավորություն է , որ բավական կառավարելի, իսկ առավել ստույգ` կառավարվող քարոզարշավի հետ գործ ունենք: Սակայն սա միայն առերեւույթ է, իրականում լրատվամիջոցներում եւ բանավոր միմյանց դեմ նետվող սեւ քարոզչության հազվագյուտ օրինակներ են առկա, կուսակցության ղեկավարների դեմ սկսված հոգեբանական գրոհներ կան, եւ փորձարկվում է այս կամ այն ուժին խուճապի մատնելով` թուլացնելու մեթոդը, այն եւս մամուլով եւ բերանացի զանազան լուրեր տարածելու մակարդակով:
Քոչարյանն այդպես էլ չխոսեց, ԲՀԿ-ի երկատվածությունը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս, քաղաքականամերձ շրջանակներին տանջում է նաեւ այն հարցը, թե կարո՞ղ էին արդյոք երեք նախագահները պայմանավորվել, քանզի երեքն էլ կորցնել-չկորցնելու շատ բան ունեն, երեքին էլ կապում են այս երկրի գլխավոր գաղտնիքները, որոնք միգուցե ուրիշ երեք մարդ չգիտեն: Այնպես որ` տեսականորեն երեքի գործակցությունը պետական նշանակության խնդիրների, այդ թվում` ընտրությունների հետ կապված մեր կարծիքով իննսունինը տոկոսով հնարավոր է, հավասար կիսելու համար իշխանությունն ու գաղտնիքները, լծակներն ու լուծումների պատասխանատվությունը: Բայց սա սովորական մարդը կարող չպատկերացնել, եւ նույնիսկ լավ է, որ չի պատկերացնում: Մնացածը նյուանսներ են: Իսկ ընդհանրապես լավ ընտրությունները որպես ցուցափեղկ պետք են ոչ միայն երկրի առաջին դեմքին, այլեւ այս անգամ հատկապես Հայաստանին, որովհետեւ էլ տեղ չկա վատ ընտրություն աշխարհին տեսանելի դարձնելու, ու մենք պետք է կարողանանք մեր հարցերի լուծման հնարավորինս ինքնուրույնությունը պահպանել` ունենալով վերջապես մաքուր ընտրությամբ ընտրված իշխանություն: Այս դեպքում միայն դրսինները չեն կարող կեղծված ընտրությունների մահակը բանեցնել: Այս գիտակցումն անձամբ ես տեսնում եմ քարոզարշավի էլեմենտներում: Գուցե ընդհանուր չսրելու գիտակցմամբ չկան իսկական բանավեճերը, այլ` միայն իմիտացիա, տեսանելի չեն մեծ խախտումները, քանի որ զսպվում են վերեւից, սակայն էլի դա չի նշանակում արատավոր շրջանի անտեսանելի գործողությունների բացառում: Որովհետեւ, չնայած ընտրակաշառք տվողին եւ վերցնողին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների խոստումներին` անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս երկու ուժերի շտաբներում մինչեւ գիշերվա 1-ը «դվիժենի» կա, մեքենաները գնում եւ գալիս են, ինչ-որ ցուցակներ ու մատյաններ առած` համակարգողները շենք առ շենք գնում են նախօրոք հայտնի հասցեներով:
Բայց, նկատեք, այս անգամ անակնկալներ լինելու են, եւ այս անգամ այն դեպքն է, որ նախօրոք գծվածով չի գնալու, եւ դրա համար օբյեկտիվորեն առկա են վերը նկարագրված հանգամանքները: