«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՈՉԻՈՒՄ` ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 24 -ը Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչները նշեցին մեծամասշտաբ միջոցառումներով: Մեծ Սոչիի բոլոր տարածաշրջաններում տեղի Ռուսաստանի հայերի միության ջանքերով կազմակերպվեցին ջահերով սգո երթեր, միտինգներ, գրական-գեղարվեստական կոմպոզիցիաներ, Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ` նվիրված հայկական ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Եղեռնի զոհերի անմար հիշատակին նվիրված հուշարձաններ ու խաչքարեր կան Ադլերի շրջանում, Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, Նոր Լույս, Վոլկոնկա գյուղերում, Սոչիի Սուրբ խաչ եկեղեցու փոքրիկ բակում: Այստեղի հայերը թուրք ենիչերիի յաթաղանից մազապուրծ համշենահայերի անմիջական սերունդներն են: Չկա այստեղ մի հայ ընտանիք, ում գերդաստանում չլինի Դեր Զորի անապատում խոշտանգված, սովամահ եղած, գլխատված կամ խելագարված հարազատ, չկա մի հայ, որի հոգին լցված չլինի կորուստի, ափսոսանքի ու անհույս սպասումի դառնություններով:

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում միաժամանակ սկսվեց սուրբ պատարագի ծիսակատարությունը, որին հաջորդեց միջոցառումների հանդիսավոր մասը: Ընդարձակ եւ բովանդակալից զեկույցներով ելույթ ունեցան Սոչիի պատվավոր քաղաքացի, հայկական համայնքի ավագների նախագահ Հմայակ Ուստյանը, Ադլերի շրջանի Ռուսաստանի հայերի միության նախագահ Իլարիոն Վարվաշտյանը, Լազարեւսկի շրջանի ՌՀՄ-ի նախագահ Վարուժան Ձիկոնյանը եւ այլք: Բերելով բազմաթիվ փաստեր ու աներկբա տվյալներ պաշտոնական աղբյուրներից, որոնք ապացուցում են երիտթուրքերի կողմից հետեւողականորեն կազմակերպված Արեւմտյան Հայաստանի հայաբնակ տարածքների ջարդերն ու անմարդկային խոշտանգումները` զեկուցողները կոչ արեցին հավաքվածներին անխնա պայքար մղել պատմական ճշմարտությունը վերականգնելու, Եղեռնի հետեւանքները վերացնելու եւ հատուցում պահանջելու համար: Մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործությունը չպետք է մնա անպատիժ, որքան էլ հանցագործը լինի խորամանկ դիվանագետ, հարուստ ու քծնող:

Խորին ցավակցություն հայտնեցին նաեւ եղբայրական հայ ժողովրդին Սոչիում բնակվող այլ ազգերի` հույների, վրացիների, չերքեզների եւ ուրիշ համայնքների ղեկավարներն ու անդամները: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաեւ Սոչիի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին: Դուդուկի թախծոտ մեղեդու ներքո հայազգի դպրոցականների կատարմամբ հնչեցին Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը», հատվածներ Սիլվա Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմից, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի պոեզիայի գլուխգործոցներից:

Սոչիի տեղական բոլոր հեռուստաալիքները նորությունների թողարկման բաժիններում երկու օր շարունակ ցուցադրեցին թուրքերի կողմից հայկական կոտորածներին նվիրված միջոցառումներն ու տեղի հայկական համայնքի առաջնորդների, ակտիվիստների հետ հարցազրույցները: Հեռուստաէկրանների առջեւ ելույթ ունեցան Սոչիի տարածաշրջանի Ռուսաստանի հայերի միության նախագահ Հրաչ Մակեյանը, Սոչիի բոլոր ազգային համայնքների միության նախագահ Ալեքսանդր Ֆրոլենկովը եւ այլ հասարակական, քաղաքական գործիչներ:

Միջոցառումներից ու արարողություններից հետո Սոչիում ընդունված ավանդության համաձայն ժողովրդին մատուցվեց մատաղ կարմիր գինիով:

Մինչեւ ուշ երեկո խաչքարերի ու հուշարձանների մոտ անվերջ ձգվում էին ծերեր ու երիտասարդներ, մեծ ու փոքր, կին, երեխա, տղամարդ` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու, մոմ վառելու կամ խունկ ծխելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի համար:

ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆ, ՌԴ, Սոչի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4