«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ՆԱՐԻՄԱՆ ՆԱՐԻՄԱՆՈՎ. ԵՐԵՔ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ

Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ Մոսկվայում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Էլդար Իսմայիլովի «Ստեփան Շահումյան` մոռացության դատապարտվածը. «լեգենդար կոմունարի» դիմանկարն առանց ռետուշի» գրքի շնորհանդեսը, որը «նվիրված է XX դարասկզբի Անդրկովկասի ամենահակասական պատմական դեմքերից մեկի կյանքի եւ գործունեության անաչառ նկարագրությանը»: Դատելով գրքի հեղինակի հարցազրույցներից, որ նա առատորեն տալիս է Բաքվի լրատվամիջոցներին, խնդիր է դրվել «ապացուցել, որ Ստեփան Շահումյանը եղել է Դաշնակցության կողմից բոլշեւիկյան կուսակցության մեջ ներդրված գործակալ եւ աշխատել է ստեղծել Մեծ Հայաստան»:

Պատմությունը երբեք մինչեւ վերջին մանրամասնություն չի բացահայտվում: Ստեփան Շահումյանի կյանքը եւ գործունեությունը բացառություն լինել չի կարող: Մի բան, սակայն, ակնհայտ է. նա որեւէ առնչություն չի ունեցել հայ ազգային-ազատագրական շարժման, ՀՅԴ-ի եւ անկախ Հայաստանի հետ: Ադրբեջանական «պատմագիտության» ճիգը` Շահումյանին վերագրելու ազգայնականություն, պարզապես պետական պատվեր է, որն իրականացնողները հաճախ են բանականության սահմանից անդին անցնում:

Բոլորովին մտադրություն չունենալով ընդունել նույն կեցվածքն ադրբեջանցի հանրային-պետական գործիչների գնահատման հարցում, մենք, այնուամենայնիվ, կփորձենք նրանցից մեկի` Նարիման Նարիմանովի կենսագրությունից հայտնի, տեղեկատվության բաց աղբյուրներից քաղած փաստերի հիման վրա ցույց տալ, որ քաղաքական գործչի պարագայում «վերելքներն» ու «անկումները» գրեթե անխուսափելի են:

Եվ այսպես. 1918 թ. մարտին Նարիման Նարիմանովը Բաքվի «հեղափոխական պաշտպանության կոմիտեի» անդամ էր: Դա քաղաքացիական ընդհարումների մի ժամանակաշրջան էր, երբ բոլշեւիկները եւ մուսավաթականները զինված պայքար էին մղում քաղաքում իշխանությանը տիրելու համար: Մինչ այդ նա որպես բոլշեւիկյան քարոզիչ բացատրական աշխատանքներ է տարել նավթահանքերում: Նարիմանովը մասնագիտությամբ բժիշկ էր: Այնուհետեւ, մուսավաթական զինված խռովությունը ճնշելուց հետո, նա Բաքվի կոմունայի կառավարությունում զբաղեցրել է «քաղաքային տնտեսության կոմիսարի» պաշտոնը: Այսինքն, փաստացի ղեկավարել է Բաքու քաղաքը: Զբաղեցրած պաշտոնը Նարիմանովը թողել է նույն թվականի հուլիսին, երբ թուրքական էքսպեդիցիոն կորպուսը մոտեցել էր Բաքվին:

Հարց է առաջանում. ի՞նչ նկատառումներով է բոլշեւիկ Նարիմանովը թուրքական զորքերի առաջխաղացմանն ընդառաջ հրաժարվել Ստեփան Շահումյանի կառավարության կազմում ունեցած պատասխանատու պաշտոնից: Բաց աղբյուրներն այդ մասին ոչինչ չեն ասում: Ստույգ է, որ Նարիմանովը չի կիսել Բաքվի կոմունայի իր գործընկերների ճակատագիրը, չի ձերբակալվել, չի ենթարկվել բռնությունների, վերջապես` չի հեռացել նրանց հետ եւ թուրքմենական անապատում չի գնդակահարվել:

Ընդհակառակը, թուրքական զորքերի կողմից Բաքուն գրավելուց հետո Նարիմանովը ընտրվում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «խորհրդարանի» անդամ եւ հրապարակային քաղաքական գործունեություն ծավալում: Դա տեւում է գրեթե մեկ տարի: Այնուհետեւ Նարիմանովը հեռանում է Ադրբեջանից: 1919 թ. ամռանը Մոսկվայում նրան առաջին անգամ ներկայացնում են Ռուսաստանի Ժողկոմխորհի նախագահ Ուլյանով- Լենինին:

Ադրբեջանում 1920 թ. ապրիլի 28 -ին իշխանությունը փոխանցվել է «տեղական մուսուլմաններին»: Նարիմանովը վերադառնում է Բաքու եւ մայիսի 16-ին ստանձնում Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի նախագահի պաշտոնը, հետագայում գլխավորում խորհրդային Ադրբեջանի կառավարությունը: 1922 թ. մարտի 12 -ին նա ընտրվում է Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահ եւ պաշտոնավարում մինչեւ նույն տարվա դեկտեմբերի 13-ը: 1922 թ. դեկտեմբերի 30-ին Նարիմանովը ստանձնում է առաջին գումարման ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահի պաշտոնը: Մահացել է Մոսկվայում` 1925թ. մարտի 19-ին` սրտի տագնապից: Վարկած կա, որ նրան թունավորել են:

Ինչպես տեսնում ենք, այսօր Ադրբեջանում պատիվների արժանացող Նարիման Նարիմանովի քաղաքական եւ պետական գործունեության նույնիսկ հանրահայտ փաստերն են մի շարք հարցեր ծնում: Հարցեր, որ պատասխան չունեն: Այնպես որ, ադրբեջանցի «ուսումնասիրողներին» արժե խորհուրդ տալ, որ հանգիստ թողնեն Ստեփան Շահումյանին եւ զբաղվեն նույն ժամանակաշրջանի ազգությամբ ադրբեջանցի հանրային, քաղաքական եւ պետական գործիչների կենսագրության «սպիտակ էջերի» ուսումնասիրմամբ: Նաեւ պարզեն, թե ի՞նչ դրդապատճառներով է Իոսիֆ Ստալինը անձամբ կարգադրել, որ պետքաղվարչության բանտից ազատ արձակվի անկախ Ադրբեջանի «ճարտարապետ» Մամեդ Էմին Ռասուլզադեն, ի՞նչ նկատառումներով է բոլշեւիկյան կառավարությունը նրան պաշտոն տվել Ազգությունների կոմիսարիատում, եւ ո՞վ է նպաստել, որ նա Ֆինլանդիայի վրայով «վտարանդվի» Թուրքիա: Իսկ գուցե Ռասուլզադեն արտասահման է ուղարկվել որպես խորհրդային հատուկ ծառայությունների գործակա՞լ:

Այս հարցի պատասխանը մեզ համար դժվար է պարզել: Բայց ահա կարող ենք ամենայն պատասխանատվությամբ արձանագրել. Նարիման Նարիմանովը երեք տիրոջ ծառա է եղել: Եվ, ըստ երեւույթին, նրա անփառունակ վախճանի բուն պատճառն էլ հենց դա էր:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4