Որոնք դուրս են մնում ոստիկանության ուշադրությունից
Ոստիկանությունում սկսել է գործել կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում: Ինչը թերեւս օրվա հրամայականն է, նկատի ունենալով ինտերնետով կատարվող կամ, ինչպես ասում են, կիբեռհանցագործությունների արմատավորումը նաեւ Հայաստանում: Այս ստորաբաժանումն արդեն առիթ ունեցել է իրեն դրսեւորելու, կապված հիմնականում պոռնոգրական կայքերի արգելափակման հետ, սակայն փոխարենը բառացիորեն անգործության է մատնված կոնկրետ կայքի միջոցով կոնկրետ հանցագործությունների տարածման առնչությամբ, ինչն առնվազն տարօրինակ է:
Վերջերս հայտնի դարձավ, որ list.am կոչվող կայքի միջոցով իրականացվում է կոնկրետ հանցագործություն` փաստաթղթերի կեղծում` շենգենյան վիզաների ձեւակերպում Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում: Ընդ որում, դա այս կայքի միջոցով իրականացվող միակ հանցագործությունը չէ: Նախկինում ոստիկանության կողմից ձերբակալված մի երիտասարդ հայտնել էր, որ պոռնո նկարներ է վաճառել այս կայքի միջոցով, ինչի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց հենց ոստիկանությունը: Մամուլում եւ ինտերնետում կոնկրետ տեղեկություններ են հրապարակվել, որ այս կայքում զենքի, մարդուն օրգանների վաճառքի մասին հայտարարություններ են տեղադրված: Ավելի ճիշտ, արտատպվել են այդ հայտարարությունները, որպես փաստական ապացույց: Ամենատարածված հանցագործություններից միայն թմրամիջոցների վաճառքի մասին հայտարարություն չկա անվերահսկելի եւ ապօրինի գործող այս կայքում, ինչը չի կարելի բացառել ապագայի համար:
Հարց է առաջանում` եթե ոստիկանությունը փակում է մարմնավաճառների ծառայություններն առաջարկող կայքը, ապա ինչո՞ւ չի արգելափակում list.am կայքը, որի միջոցով կատարվում են տարբեր հանցագործություններ: Քիչ է, որ վերոնշյալ կայքը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, իսկ պետեկամուտների կոմիտեն էլ քնած է հայտնի կենդանու ականջում, քիչ է, որ օրինական դաշտում գործող հայտարարությունների այլ կայքերի համար ստեղծվել է անհավասար մրցակցային դաշտ, ավելանում է, որ այս կայքի միջոցով հանցագործություններ են կատարվում: Մնում է միայն գուշակելՙ ոստիկանությունը եւ մասնավորապես կիբեռհանցագործությունների դեմ պայքարող ստորաբաժանումը լրջորեն կզբաղվի՞ այս կայքի արգելափակման հարցով, թե՞ ի լրումն պետեկամուտների կոմիտեի, ինքը եւս տեղ կզբաղեցնի հայտնի կենդանու ականջի մյուս անկյունում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ