25 տարի բեմում: «Բարեկամության» հերթական մենահամերգը նվիրվում է Պարի միջազգային օրվան
Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ հովանավորում է Պարի միջազգային օրվան նվիրված «Բարեկամություն» պետական անսամբլի հերթական նախաձեռնությունը:
Բազմաժանր պարացանկ, պրոֆեսիոնալ մոտեցում, սեր դեպի արվեստն ու քրտնաջան աշխատանք. այս ամենի համադրման արդյունքում վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլն արդեն 25 տարի վայելում է հանդիսատեսի համակրանքը:
2008թ.-ին վաստակավոր կոլեկտիվի կոչմանն արժանացած համույթը հասցրել է նվաճել ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի հանդիսատեսի համակարանքը: Անսամբլն իր կատարումներով հանդես է եկել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ այլ երկրների բեմերում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը խրախուսում է հայկական ազգային պարը ներկայացնելու համույթի տաղանդն ու պարարվեստին անմնացորդ նվիրումը:
«Ազգային պարը մտածողություն է. արժեքային համակարգ: Պարել որեւէ ազգի պարՙ նշանակում է կերտել համապատասխան ազգային կերպար: «Բարեկամությանը» հաջողվել է մարմնավորել բերդի պես ամուր ու հաստատակամ հայորդուն եւ թավիշի պես նուրբ ու գեղանի հայուհուն: Աշխարհի տարբեր բեմերում մեր դարավոր արվեստի ճյուղերից մեկը ներկայացրած եւ հանդիսատեսի ծափեր վաստակած խումբը, անկախ ժամանակների փոփոխությունից, շարունակում է պահանջված եւ սիրված մնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է արվեստի «դեսպանների» գործունեությունը` հայի ինքնությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի եւ հայ մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա: «Բարեկամություն» համույթն ավելի քան չորս ամիս ներգրավված է եղել «Սպարտակ» բալետի բեմադրման աշխատանքներում եւ շարունակում է մասնակցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներում:
«Բարեկամության» նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում իր պատրաստակամ աջակցությունը շարունակում է դրսեւորել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը: