«Ազգն» իր ընթերցողներին մանրամասնորեն ներկայացրել է Հայաստանի գրողների միության VI համաժողովի ընթացքի մասին, որին 20 երկրներից մասնակցում էին նաեւ 60 գրողներ: Սակայն գրեթե բոլորը դժգոհ էին համաժողովին հայաստանցի գրողների բացակայությունից, վատ կազմակերպված քննարկումներից, որոնք որեւէ արդյունքի չեն հասել: Միակ ոգեւորիչ բանըՙ սփյուռքի բոլոր գրողները այսուհետ համարվում են Հայաստանի գրողների միության լիիրավ անդամ ու ստացան նոր անդամատոմսեր: Ոմանք այս հարցում էլ անճշտություն նկատեցին ու կարծում էին, որ ոչ թե պետք է համարվեն Հայաստանի գրողների միության, այլ Համահայկական գրողների միության անդամ: Որպեսզի երկու տասնյակ գրողների նույնատիպ կարծիքներն ու դժգոհությունները չներկայացնենք, առանձնացնում ենք մի քանիսը, որոնք ցանկացել են, որ նման համաժողով չկրկնվի ու բոլոր թերությունները շտկվեն:
Խաչիկ Խաչեր (գրող, թարգմանիչ, Իրան): Գրողների միության վերջին չորս համաժողովներին էլ մասնակցել է եւ ահա թե ինչ ասաց. «Ես այս համաժողովներից, հանդիպումներից ստանում եմ այն, որ իմ մյուս աշխարհասփյուռ գրչեղբայրներին անձամբ ծանոթանում եմ: Դա շատ կարեւոր բան է եւ ավելի ջերմ համագործակցություն է ստեղծում: Իհարկե, հայաստանցի գրողների եւ հրատարակիչների հետ հանդիպումները շատ պետք է լինեն: Ես առաջարկեցի մի նոր էլեկտրոնային հասցե բացել ու այնտեղ տեղադրել նոր հրատարակված բոլոր գրքերի ցանկը, որին աշխարհի տարբեր ծայրերում կարող են ծանոթանալ: Իսկ թե ի՞նչ ընթացք կունենա իմ եւ այլոց առաջարկներըՙ պետք է սպասենք...»:
Համբիկ Մարտիրոսյան (գրող, խմբագիր, Լիբանան) - «Համագումարները հիմնականում միտված են միմյանց ծանոթացնելու հայրենիքի եւ սփյուռքի գրողներին, մտավորականներին, եւ այդ մեկտեղումը խթան է հանդիսանում հայ գրականության զարգացումը խոչընդոտող ազդակները չեզոքացնելուն: Խոսվեց իհարկե այդ հարցերի մասին: Սակայն սփյուռքում հայ լինել, հայ մնալ, հայ գրող լինելՙ շատ դժվարին հարց է: Սակայն ես ցավալի երեւույթ տեսաՙ մեր փայլուն գրողները իրենց «բացակայությամբ» փայլում էին համաժողովի օրերին: Մենք եկել էինք հեռուներից ու շատ լավ գիտակցում էինք, որ հայրենիքում շատ քննարկվելիք հարցեր կան, նյութեր կան, գրքի ու գրատպության 500-ամյակն է վերջապես, ինչ լավ կլիներ, որ մենք գրքի մշակներս, Մեսրոպի ծառայողներս, միասնաբար քննարկեինք այդ հարցերը: Կրկին ցավով եմ նշում, որ հուսախաբ եղա առանց հայաստանցի գրողների համաժողով անցկացնելու փաստին ականատես լինելով: Հույս ունեմ ապագայում այդ հարցին կանդրադառնան»:
Ժիրայր Դանիելյան (բանասեր, խմբագիր, Լիբանան) - «Յուրաքանչյուր համաժողովի գալիս ենք մեծ ակնկալիքներով, սակայն դժբախտաբար ասեմ, որ վերջին համաժողովները ոչ միայն առաջխաղացում չեն արձանագրել, այլ ճիշտ հակառակըՙ նահանջ են արձանագրել: Նախորդ համաժողովներին գոնե 10-15 հայաստանցի գրողներ մասնակցում էին ե՛ւ քննարկումներին, ե՛ւ կլոր սեղաններին, իսկ այս մեկում նրանք չկային: Սփյուռքից գրողները գալիս են, իրար հետ հանդիպում, հարցեր քննարկում, իսկ Հայաստանից չկան ու չկան: Ենթադրում եմ, Հայաստանի գրողների կողմից ցուցաբերած անտարբերությունը պատճառ է նաեւ, որ ճանաչված սփյուռքահայ գրողները այլեւս կարեւորություն չտան այս տեսակ համաժողովներին եւ իրենք էլ իրենց հերթին բացակայեն: Դժբախտաբար վերջին նիստին հայրենի միայն 2-3 գրող ներկա եղավ եւ դեռ կեսից նրանք էլ թողեցին ու գնացին: Եթե մենքՙ սփյուռքահայ գրողներս, համաժողովին պիտի մասնակցենք ու գրական, ազգային, մշակութային հարցեր քննարկենք, ապա այդ համախմբումը կարող ենք Սփյուռքում անել, ինչո՞ւ պիտի հայրենիք գայինք: Մենք հայրենիք ենք գալիս, ճիշտ է, տեսնելու մեր հարազատ գրչակիցներին տարբեր գաղութներից, բայց հիմնական նպատակըՙ շփվելու, կապեր հաստատելու Հայաստանի գրողների հետ, ծանոթանալու հին ու նոր գրողներին ու նրանց ստեղծագործություններին: Իմ գլխավոր դիտողությունը հետեւյալն է. եթե համաժողովները պիտի շարունակվեն, ապա առաջին հերթին պետք է հայաստանցի գրողների ներկայությունը ապահովվի, երկրորդՙ շատ ավելի կազմակերպված պետք է լինեն»:
Սարգիս Կիրակոսյան (գրող, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ, Բեյրութ) - Վեց համաժողովներին մասնակցած եւ Բեյրութի 3-րդ համաժողովի կազմակերպչական հանձնախմբի անդամ: «Կարծում եմ, բոլոր այն 54 անդամները, որ Հայաստանից մասնակցում էին բեյրության համաժողովին, տեսան, թե ինչպիսի կազմակերպչական հստակ աշխատանք էր տարվել եւ ինչպիսի հաջող ընթացք ունեցավ: Իսկ այս վերջին համաժողովը, ինչպես իմ ավագ գրչընկեր Ժիրայր Դանիելյանն ասաց, իսկապես հուսալքեց մեզ: Եթե 20 երկրներից ժամանած սփյուռքահայ գրողներով համաժողով պիտի անեինք, ապա Հայաստան գալը ի՞նչ միտք ուներ: Սփյուռքի երեւէ գաղթօջախում կարող էինք հավաքվել, քանի որ արդեն տարիներ ի վեր կենդանի կապ ունենք նրանց հետ, բարեկամություն ու մտերմություններ ունենք: Գործնական որոշ հարցեր քննարկվեցին, մտահոգություններ հնչեցին, բայց ոչ այն չափի ու բովանդակության, որ սպասվում էր: Միակ ծափահարելի, գնահատելի երեւույթը մնաց համաժողովի նիստերից դուրս հանդիպումները, երեկոները, երբ համախմբվում էինք ու կիսում մեր ցավերը, մտահոգությունները ու մեր հարցերը որոշումՙ դրանց լուծման ուղղությունները գտնելով: Այս առումով համաժողովը եղավ օգտակար, սակայն մեր ակնկալիքը միայն այս չէր»...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հ. Գ. Երբ «Ազգը» փորձեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանից ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանի գրողները չէին մասնակցում համաժողովին եւ նրանցից շատերը պնդում էին, որ հրավեր չեն ստացել, պրն Անանյանն ասաց. «Գրողների միությունը գրողի տունն է, մարդուն իր տուն հրավեր չեն ուղարկում: Եթե ուզում էին, թող գային ու մասնակցեին: Մի քանի անգամ «Գրական թերթում» համաժողովի մասին տեղեկացրել ենք, ծրագիրը նույնպես տպագրել ենք: Երեւի չեն ցանկացել մասնակցել ու հիմա բողոքում են: Թող իրենց մեջ մեղքն ու պատճառը փնտրեն»: