Արդեն երրորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթՙ հայոց լեզու-գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից, որում իրենց ուժերն են չափում Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի` Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ դասարանի աշակերտները: Այս տարի ծրագիրն ընդլայնել էր իր աշխարհագրությունը` մասնակից դարձնելով նաեւ Բերձորի (Արցախ) համանուն դպրոցի աշակերտներին:
Առարկայական օլիմպիադան անցկացվեց Թեքեյան կենտրոնում ապրիլի 25-ին, որից հետո միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն, դիտեցին «Հանճարի անճարակները» երաժշտական ներկայացումը:
Թեքեյանական օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնում, որին ներկա էին հյուրեր Երեւանից եւ Արցախից, այդ թվում նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Հանդիսավոր արարողությունը բացվեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանի ուղերձով, որում նա շնորհակալություն էր հայտնում դեսպանին համագործակցության համար, ինչպես նաեւ շնորհավորանքներ հղում օլիմպիադայի բոլոր մասնակիցներին եւ հատկապես հաղթանակած աշակերտներին: Հայոց լեզու-գրականություն առարկայի հանձնաժողովի նախագահ Մարո Խաչատրյանը (Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն) ամփոփելով օլիմպիադայի արդյունքները, բարձր առաջադիմություն դրսեւորած 12 մասնակիցներին (Երեւան, Ստեփանավան, Գյումրի, Կարբի, Բերձոր) հանձնեց գովասանագրեր:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հանձնեց 2 խրախուսական, ինչպես նաեւ երրորդ տեղը գրաված թեքեյանցիներին (Սիլվա Հակոբջանյան, Ստեփանավան, Էլզա Վարդանյան, Երեւան) մրցանակները եւ իր խոսքում կարեւորեց ուսումը հայ ազգի հզորացման գործում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալան Քուչուկյանը շնորհավորեց եւ երկրորդ տեղը գրաված մրցանակակիրներինՙ Շողակաթ Սիմոնյանին (Կարբի) եւ Նելլի Եշիլբաշլային (Գյումրի) հանձնեց մրցանակները: Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց նաեւ ուսուցիչներին իրենց դժվարին, բայց խիստ կարեւոր եւ ազգանվեր աշխատանքի համար:
Իսկ պատվավոր առաջին մրցանակներըՙ հայոց լեզու եւ գրականություն-Մերի Մայիլյան (Կարբի), մաթեմատիկա-Աբրահամ Պորտուգալյան (Երեւան), հանձնելու պատիվը տրվեց դեսպան Քեթրին Լիչին : Դեսպանն իր խոսքում ողջունեց հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնեց աջակից լինելու նրա գործունեությանը` առաջարկելով հետագա տարիներին կազմակերպել նաեւ անգլերեն լեզվի օլիմպիադա, ինչն էլ ավելի կամրապնդեր հայ-բրիտանական համագործակցությունը:
Ելույթով հանդես եկավ Արցախի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը : Տնօրենը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին ծրագրին մասնակցելու համար եւ հույս հայտնեց, որ մեկ օր էլ թեքեյանական օլիմպիադա կկազմակերպվի նաեւ ազատագրված Բերձորում, քանզի նման միջոցառումները նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Երախտիքի խոսքով հանդես եկավ նաեւ Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը , որը բարձր գնահատեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ Սփյուռքի բարերարների աջակցությունը` դպրոցի գազաֆիկացումն ու ջեռուցումն ապահովելու գործընթացում:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եզրափակվեց համերգային ծրագրով, որն էլ պատրաստել էին թեքեյանցի աշակերտները:
Թեքեյանական օլիմպիադայում հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր եւ արժեքավոր նվերներ: