«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԵՇՐՋԱՆԸ

Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ այսօր տեղի ունեցավ Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Այգու դռներն այցելուների համար բաց է ժամը 9:00-19:00-ն: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր մինչեւ 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:

Այս տարի եւս կենդանաբանական այգու այցելուներին սպասում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրությունՙ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքրական խաղերով:

Ժամը 11:30-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազդարարի տոնական միջոցառումների մեկնարկը: Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները` Միկի Մաուսը, Սպունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները կշարունակվեն մինչեւ ժամը 16-ը:

Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» առաջինՙ այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:

Հ. Գ. Տեղեկացնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում այգին այցելունների թվի աննախադեպ աճ է գրանցել, որը կարելի է դիտարկել, որպես արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքների պատասխան: Ըստ վիճակագրության, եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135.000 էր, 2010-ին` 92.793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316.153-ի: Սա նշանակում է, որ չնայած դեռեւս կատարվելիք շատ աշխատանքներին, այնուամենայնիվ, կենդանաբանական այգին` որպես ժամանցի վայր դարձել է ավելի գրավիչ եւ նախընտրելի ժամանցի վայր շատերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4