Իրինա Գայուկը ՙ լրագրողի, գիտական գրականության խմբագրի սկզբնական մասնագիտությամբ, աշխատանքի անցնելով Լվովի Կրոնի պատմության ինստիտուտում, մեկ տարի անց վաղ քրիստոնեության բաժնի ավագ գիտաշխատող էր արդեն: Արեւելքը եւ կրոնը իր հիմնական նախասիրություններն են եղել վաղուց, եւ կյանքը նրան տարել է այս հետքերով: «Արեւելքը միշտ հետաքրքրել է ինձ: Այն մեզ ավելի մոտ է, քան սովորաբար կարծում ենք: Մեր պատմությունը հազարավոր թելերով կապված է Արեւելքին: Եվ դրա մեջ հայերն իրենց դերն ունեն»: Վաղ քրիստոնեության շրջանը անմիջականորեն կապվում է հայության եւ հայ եկեղեցու պատմությանը, որն էլ դառնում է Իրինա Գայուկի ուսումնասիրության առարկան: Դիսերտացիան պաշտպանում է «Հայ եկեղեցին որպես քրիստոնեական աշխարհի բացառիկ երեւույթ» թեմայով, ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան:
Մինչ այդ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի այն ժամանակվա առաջնորդ Նաթան սրբազանի հետ ծանոթությունը շատ առումով նպաստավոր եղավՙ քրիստոնեության հայկական արմատներին մերձենալու, նյութի մեջ ավելի խորանալու: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Հայ եկեղեցուն նվիրված համատեղ կազմակերպած ցուցահանդեսը բավականին հաջողված էր, իսկ 2000-ին կազմակերպեց «Քրիստոնեությունը երեխաների աչքերով» նկարահանդեսը: Այսպես քայլ առ քայլ հայ մշակույթը ավելի մերձենում, ճանաչելի էր դառնում Իրինա Գայուկին, երբ պատմության ինստիտուտի տնօրենի առաջարկն է ստանումՙ Ուկրաինայում հայկական մշակույթի կատալոգի պատրաստման: Աշխատանք, որ ենթադրում էր Ուկրաինայի շուրջ 25 քաղաքների 44 թանգարանների արխիվային, ֆոնդային նյութերի տեւական եւ ոչ դյուրին ուսումնասիրություն: Աշխատանքային ընթացքի հենց սկիզբը ի հայտ բերեց նյութի բազմաշերտություն եւ հարցերի բազմազանություն, որոնց պատասխանների համար կատալոգային ձեւաչափը սահմանափակ էր եւ ոչ համապատասխան: Եվ ահա մտահղացվեց պատկերազարդ հանրագիտարան ստեղծելու գաղափարը: Այն իրականացնելու աշխատանքները Իրինան սկսում է 2005-ի կեսերից: Տասնյակ թանգարաններում պահպանվող հազարավոր նմուշների ուսումնասիրման, համակարգման, հաճախՙ հայտնաբերման աշխատանքները հանդիպում էին երբեմն որոշ մասնագետների անտեղյակությանը, հաճախ ֆոնդապահների դիմադրությանը, ինչը հաղթահարելը ժամանակ ու ջանք էր պահանջում, երբեմն համապատասխան ոլորտների մասնագետների պակաս կար եւ բազմաթիվ ուրիշ խոչընդոտներ (շատ հայերի անվանափոխությունը նույնպես դժվարություններ էր հարուցում): Պատահել է, որ անգամ թանգարանի քաջատեղյակ մասնագետը պնդել է, թե հայկականությանը վերաբերող նյութեր չեն պահպանվում: Այս պատճառներով Լվովում ազգային փոքրամասնություններին նվիրված ցուցահանդեսին հայկական բաժնի ցուցանմուշները հայթայթվել են տեղի հայ համայնքի անդամներից:
Մասնագիտական խորաթափանցությունը եւ կամքը այստեղ է որ օգնում են նրան, եւ պրպտումները ի հայտ են բերում անչափ հետաքրքրական փաստեր, երեւան են գալիս «չեղած» շատ նյութեր: Ալ. Սպենդիարյանի հետ կապված մի հետաքրքրական դրվագ ուշադրություն է գրավում. թանգարանի աշխատակիցը համոզում էր նրան, թե հայկականությանն առնչվող որեւէ նյութ թանգարանի ֆոնդերում չկա, չի պահպանվում, սակայն հետագա խոսքում պարզվում է, որ Սպենդիարյանի ցուցանմուշները հանձնվել են կոմպոզիտորի դստերը: Զարմացած հարցի պատասխանն ավելի քան անակնկալ էր. «Բայց նա ի՞նչ հայ է»: Տարօրինակ է, բայց շատերի համար, ինչպես նկատում է Իրինա Գայուկը, հայկական մշակույթը այն է, ինչ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում: Դարձյալ մենք դեմ ենք առնում ազգային փոքրամասնություններին բաժին ընկած ճակատագրին եւ էթնիկ ինքնության պահպանման բազմակնճիռ խնդիրներին:
Ուկրաինայում հայերը բնակվել են դեռեւս XIV դարից, դեռեւս միջնադարից նրանք բազմազբաղ էինՙ արհեստագործության, առեւտրի, կիրառական արվեստի, կերպարվեստի մեջ բավական հաջողած: Հայ կոշկակարները, դարբինները, փայտագործները, զինագործները, գորգագործները բավական համարում ունեին, իսկ կաշեգործ վարպետները լավագույնն էին համարվում: XV-XVII դարերում տարածված էր հայ դեղագործների համբավը, որոնք նաեւ օծանելիքի, կոսմետիկայի արտադրության մեջ էին հաջողել: Նմանապես ճենապակեգործության մեջ. Գլինսկի հայտնի ճենապակու գործարանի հիմնադիրը հայ է եղել եւ բարձրորակ ճենապակի է արտադրվել: Հայերը պակաս դերակատարություն չեն ունեցել XIX-XX դարերում, հատկապես Արեւմտյան Ուկրաինայի հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային կյանքում` ներգրավված լինելով դիվանագիտության, եկեղեցական գործունեության մեջ, առեւտրային հարաբերություններում, գիտության եւ կրթության ոլորտում: Հարյուրամյակների ընթացքում հայությունն այստեղ թողել է իր հետքը, ստեղծել նյութական շատ արժեքներ, արվեստի բազմաթիվ գործեր, որոնց զգալի մասը պահպանվել եւ թանգարանային հարստության է վերածվել, դարձել երկրի սեփականությունը: Այս ամբողջ նյութը ուսումնասիրվել-հավաքագրվել եւ ամբողջացվել է «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գրքում, որի կազմողը եւ հեղինակը Իրինա Գայուկն է: Մեծածավալ, բազմաթիվ լուսանկարներով հագեցած, եռալեզու (ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն) այս հրատարակությունը ուկրաինահայերի պատմության ամբողջացումն է, որ ներկայացնում է տարբեր ասպարեզներում աչքի ընկած նշանավոր հայերի (գիտնականներ, արվեստագետներ, ուսուցիչներ, եկեղեցականներ, դիվանագետներ) գործունեությունըՙ սկսած 14-րդ դարից մինչեւ մեր օրերը: Ուսումնասիրվող նյութը խիստ ծավալուն էՙ ընդգրկելով հայերի թողած ժառանգությունն ամենատարբեր բնագավառներում, ինչը հեղինակը ներկայացրել է համապատասխանորեն առանձին բաժիններով. «Առեւտուր», «Դիվանագիտություն», «Զինագործություն», «Ոսկերչություն», «Փայտագործություն», «Տեքստիլագործություն», «Կերպարվեստ եւ սիմվոլիկա»: Հանրագիտարանը այժմ տպագրական փուլում է եւ շուտով լույս կտեսնի: Հրատարակման աշխատանքներին հեղինակին մեծապես օժանդակել է ուկրաինացի նշանավոր գիտնական, հայագետ Յարոսլավ Դաշկեւիչը : Բոլորովին վերջերս Լվովում լույս տեսած Դաշկեւիչի «Հայերն Ուկրաինայում» ժողովածուի կազմողը, խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը նույնպես Իրինա Գայուկն է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ