«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2012-04-28 | #78, 2012-04-29 | #79, 2012-05-01


ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՑՆԾՈՒՄ ԵՆ. «ՇԻՐԱԿԻՆ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկինՙ Գյումրիի «Շիրակին», որը 3 անգամ դարձել էր երկրի չեմպիոն, ոչ մի կերպ չէր հաջողվում նվաճել բյուրեղապակյա գավաթը: Պատվավոր մրցանակը նվաճելու «Շիրակի» նախորդ 4 փորձերն էլ անհաջողության էին մատնվել: Եվ ահա վերջապես իրականացավ գյումրեցիների վաղեմի երազանքը: Ապրիլի 29-ին 1,5 տարվա վերակառուցումից հետո կրկին իր հյուրընկալ դռները բացած Գյումրիի քաղաքային մարզադաշտում «Շիրակը» գավաթի եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին» եւ առաջին անգամ դարձավ ՀՀ գավաթակիր:

Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, ուստի տրիբունաները լեփլեցուն էին: Խաղին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլիստներն էլ ամեն ինչ արեցին տոնական տրամադրությունը չփչացնելու համար: Խաղն անցավ գավաթային հանդիպումներին բնորոշ թեժ մրցապայքարում: Ավելի ակտիվ էին գյումրեցիները, որոնք երկրպագուների բուռն աջակցությամբ անընդհատ գրոհի էին նետվում: Եվ նրանց ջանքերը ցանկալի արդյունք տվեցին: 38-րդ րոպեին հերթական անկյունայինի խաղարկումից հետո «Շիրակի» կոտդիվուարցի ֆուտբոլիստ Լամին Լի Յորոն մոտ տարածությունից գրավեց «Իմպուլսի» դարպասը: Այդ միակ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը: «Շիրակն» իր պատմության մեջ առաջին անգամ տիրեց գավաթին, որը թիմի ավագ Տիգրան Դավթյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Դավթյանը մինչ այդ 2005 եւ 2006-ին գավաթակիր էր դարձել «Միկայում»:

«Շիրակը» պատվո շրջան կատարեց Գյումրիի քաղաքային մարզադաշտում, այնուհետեւ թիմի ֆուտբոլիստները բաց ավտոբուսով շրջեցին քաղաքումՙ արժանանալով հազարավոր գյումրեցիների ծափողջույններին ու հիացական բացականչություններին: Վաղուց քաղաքում նման ցնծություն չէր եղել:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») - Նախ շնորհակալ եմ թիմի երկրպագուներին, որոնք ամբողջ 90 րոպե մեզ հետ էին ու աջակցում էին «Շիրակին»: Խորին շնորհակալություն եմ հայտնում նաեւ ակումբի նախագահ Արման Սահակյանին մարզադաշտը գերազանց վերակառուցելու համար: Այս հաղթանակը նվիրում ենք բոլոր գյումրեցիներին: Սա երկար սպասված մրցանակ էր: «Շիրակը» 3 անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն, արժանացել էր մրցանակային տեղերի ու Սուպերգավաթին, իսկ ահա ՀՀ գավաթն այդ հարուստ հավաքածուում բացակայում էր: Փառք ու պատիվ տղաներին, որ կարողացան նվաճել այս մրցանակը:

Ամբողջ խաղի ընթացքում տղաները հաջողությամբ կատարեցին առաջադրանքը: Գոհ եմ ընդհանուր թիմային խաղից: Ստանդարտ իրադրությունից գոլ խփեցինք, բազում գոլային պահեր ստեղծեցինք, սակայն ցավոք չկարողացանք դրանք իրացնել: Մրցակցին քաջածանոթ էինք: «Իմպուլսը» ներկայումս Հայաստանի լավագույն թիմերից մեկն է, կոմբինացիոն ոճով է խաղում, հիմնականումՙ կարճ ու միջին փոխանցումներով: Թիմը տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի, ձգտում է գնդակն ավելի շատ պահել իր մոտ: Մենք պաշտպանության ժամանակ հստակ գործեցինք եւ կարծում եմ, որ մրցակցին զրկեցինք ազատ տարածությունից: Այդ պատճառով «Իմպուլսը» չկարողացավ իրեն բնորոշ խաղը ցուցադրել:

Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս») - Շնորհավորում եմ «Շիրակին» առաջին անգամ գավաթը նվաճելու առթիվ: Հաջողություն եմ մաղթում Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Կարծում եմ, որ եզրափակիչին վայել խաղ ցուցադրեցինք, մարզադաշտում տոնական տրամադրություն էր, մեր խաղն էլ չփչացրեց այդ տոնը: Հարուստ իրադարձություններով դիտարժան խաղ ստացվեց: Սկզբում մենք 2 լավ պահ ունեցանք, հետո «Շիրակը» գոլ խփեց: Խաղավերջում այլեւս կորցնելու բան չունենալով, նետվեցինք առաջ եւ «Շիրակին» հնարավորություն տվեցինք հակագրոհների ժամանակ գոլային պահեր ստեղծել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4