«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ԱՊՐԻԼԻ 23-Ը ԹԵ 24-Ը, ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է»

Այս խոսքերը պատկանում են Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուին, եւ դրանք մայիսի 1-ի համարում վերհիշել է «Ռադիկալը»: Թուրքական թերթի հոդվածից պարզվում է, որ Դավութօղլուն ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձի առնչությամբ լրագրողի հարցին պատասխանելիս ասել է. «Ապրիլի 23-ը թե 24-ը, ինչ տարբերությունՙ մեզ համար մեկ է: Օգտվելով առիթից շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 23-ի ազգային ինքնիշխանության տոնի առթիվ: Չի կարելի այսքան մեծ նշանակություն տալ ապրիլի 24-ին: Վաղը ապրիլի 25-ն է, թող բարի լինի»:

Հաջորդ օրը Օբամայի այդ նույն ուղերձի առնչությամբ, ինչպես վկայում է «Ռադիկալը», հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունըՙ տրամագծորեն հակառակ բովանդակությամբ: Մինչ դրա բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ քեմալականների Ազգային մեծ ժողովը բացվել է 1920-ի ապրիլի 23-ին: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը այդ օրը նվիրել էր թուրք երեխաներին, այնուհետեւ դա երկրում հռչակվեց «ազգային ինքնիշխանության եւ երեխաների» պետական տոն:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, ապա Թուրքիան այս օրն ընթացիկ տարում համեմատաբար հանգիստ անցկացրեց, շնորհիվ Սիրիայի հարցում Վաշինգտոնի պահանջներին անվերապահորեն ենթարկվելու, այսինքնՙ մղձավանջ չապրեց: Սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, առավել եւս հետզհետե մոտեցող 2015-ը նրա համար ավելի քան մղձավանջ են, էլ չենք խոսում ժխտողականության դիրքերի սպառման, ճանաչման գործընթացը կասեցնելու փորձերի անարդյունավետության եւ այդ նպատակով հատկացված միլիոնավոր դոլարների մասին:

Ահա թե ինչ է ասում Օբամայի ուղերձի առթիվ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունը. «Պատմական իրողությունները խեղաթյուրող այս ուղերձը բոլոր առումներով համարում ենք խնդրահարույց եւ դրա առնչությամբ ցավ ենք հայտնում: Ներքաղաքական հաշվարկներով արված այս կարգի հայտարարությունները, որոնք պատմական վիճելի իրադարձությունները մեկնաբանում են միակողմանիորեն, ոչ միայն նպատակահարմար չեն, այլեւ բարդացնում են Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը»:

Ըստ երեւույթին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը պետք է նպաստի փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքը, քանի որ դրա մասնակից հարյուրհազարանոց թուրք-ադրբեջանական ոհմակը «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներով իր հիացմունքն էր արտահայտում մարդասպան Օգյուն Սամասթին: Մանավանդ որ այդ հանրահավաքը անմիջականորեն թուրքական կառավարությունն էր կազմակերպել եւ կառավարության ներքին գործերի նախարարն իր ելույթով օրինականացրել էր ոհմակի հայատյացությունը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4