«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2012-04-29 | #79, 2012-05-01 | #80, 2012-05-03


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ԻՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը վարկանիշն ավելացրել է 5-ով եւ ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 2825 գործակցով շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: Արոնյանի համար ներկայիս վարկանիշը ռեկորդային է: Մարտին նա հասել էր իր բարձրագույն նվաճմանը (2820): Այժմ հայ շախմատիստն ընդամենը 10 միավորով է զիջում նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենին, որը պահպանել է վարկանիշը:

Նշենք, որ Լեւոն Արոնյանն առաջին անգամ 2800-ի սահմանագիծը հատել է 2010-ի նոյեմբերին (2801): 2011-ի հունվարին նրա վարկանիշն արդեն 2805 էր, մարտին հասցրեց 2808-ի: Այս տարվա հունվարին Արոնյանի վարկանիշը 2805 էր, մարտին նա միանգամից 15-ով ավելացրել էր վարկանիշը:

100 լավագույն շախմատիստների ցանկում բացի Արոնյանից, ընդգրկված են նաեւ հայաստանցի 4 շախմատիստներ: Վերջին շրջանում իր վարկանիշը նվազեցրել է Սերգեյ Մովսիսյանը: Նա այժմ 2698 վարկանիշով 47-րդ տեղում է: Սերգեյը վարկանիշը նվազեցրել է 4-ով եւ նահանջել 6 հորիզոնականով: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը, որ վերջին շրջանում վերելքով է խաղում, 13-ով ավելացրել է վարկանիշը (2697) եւ 64-րդ տեղից բարձրացել է 49-րդ հորիզոնական: Առաջադիմել են նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը: Գաբրիելը վարկանիշը ավելացրել է 5-ով (2679) եւ մեկ հորիզոնական բարձրանալով, զբաղեցնում է 71-րդ տեղը: 100 լավագույնների մեջ է ընդգրկվել Պետրոսյանը, որը 2657 վարկանիշով 94-րդ տեղում է: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 2672 վարկանիշով 81-րդ տեղում է: Նա թեեւ վարկանիշն ավելացրել է 1-ով, սակայն 5 հորիզոնականով նահանջել է:

Դասակարգման ցուցակի 3-րդ տեղում Վլադիմիր Կրամնիկն է, որի վարկանիշը (2801) անփոփոխ է մնացել: Իսկ ահա 4-րդ տեղում ընթացող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը վարկանիշը նվազեցրել է 8-ով (2791): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Թեյմուր Ռաջաբովը (2784), Սերգեյ Կարյակինը (2779), Հիկարու Նակամուրան (2775), Ֆաբիանո Կարուանան (2770), Ալեքսանդր Մորոզեւիչը (2769) եւ Վասիլի Իվանչուկը (2764):

Կանանց դասակարգման ցուցակի անփոփոխ առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2709): 2-րդ տեղում աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն է (2623): Լավագույն տասնյակում են նաեւ Աննա Մուզիչուկը (2598), Համպի Կոներուն (2589), Ժաո Հուեն (2549), Նանա Ձագնիձեն (2547), Կատերինա Լահնոն (2546), Տատյանա Կոսինցեւան (2532), Վալենտինա Գունինան (2530) եւ Յու Վենջունը (2529):

100 լավագույնների ցանկում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան 2484 վարկանիշով 20-րդ տեղում է: Նա մարտի համեմատ վարկանիշն ավելացրել է 6-ով եւ 5 հորիզոնականով բարձրացել է: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը 9-ով նվազեցրել է վարկանիշը (2449) եւ 33-րդ տեղից նահանջել 37-րդ հորիզոնական:

Մինչեւ 20 տարեկան շախմատիստների դասակարգման ցուցակում Սամվել Տեր-Սահակյանը 2577 վարկանիշով 18-րդ տեղում է:

ՖԻԴԵ-ն դասակարգում է նաեւ երկրները: Հայաստանը 2661 վարկանիշով 4-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը (2747), որին հաջորդում են Ուկրաինան (2697), Չինաստանը (2662): Լավագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիան (2660), Հունգարիան (2657), ԱՄՆ-ը (2647), Հնդկաստանը (2645), Իսրայելը (2638) եւ Ադրբեջանը (2634):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4