«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»

Ռուսաստանի Պետդումայում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նոր որոշում է նախապատրաստվում, որ մոտակա շրջանում ակնկալվում է մտցնել Պետդումայի օրակարգ: Այս մասին ադրբեջանական «Vesti.az» լրատվական կայքէջին տված հարցազրույցում տեղեկացրել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը : «Կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ ջանքեր ներդնենք Ղարաբաղի շուրջը հակամարտության խաղաղ կարգավորման գործում, բայց իմ տպավորությամբ եւ ըստ նրա, ինչ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջը տիրող իրավիճակում, կողմերն ակտիվորեն պատրաստվում են պատերազմի», նշել է պատգամավորը:

Նրա դիտարկմամբՙ Ադրբեջանը հզորացնում է իր ռազմական ուժը, եւ «ինձ թվում է` հայկական կողմը եւս հետ չի մնում»: Պետդումայի որոշման իր նախաձեռնությամբ, որը դեռեւս գտնվում է տեքստի աշխատանքների փուլում, Միտրոֆանովը ցանկանում է ադրբեջանական եւ հայկական կողմերին կոչ անել գնալու խաղաղ կարգավորման: «Ռուսաստանին ծայրահեղորեն ոչ շահեկան է իրավիճակի ապակայունացումը հարավային սահմաններում: Վստահ եմ, որ պատերազմը Ղարաբաղում ընդհանրապես որեւէ մեկին պետք չէ, այդ թվում` Արեւմուտքին», կարծիք է հայտնել Միտրոֆանովը:

Հարցազրույցում Միտրոֆանովը նաեւ ներկայացրել է, որ «Եվրոտեսիլի» համար Բաքու չի մեկնելու, բայց ոչ այն պատճառով, որ 2011-ի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու այդպիսով հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», այլ, իր իսկ պատճառաբանությամբ, Բաքու չի մեկնելու «Եվրոտեսիլին» մասնակցելու իր նախընտրած թեկնածուն:

Միտրոֆանովը նաեւ տեղեկացրել է, որ Արցախ այցելությունից հետո ադրբեջանական պաշտոնական մակարդակներից որեւէ մեկից ռուս պատգամավորի հետ չեն կապվել, «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին ոչ մի բան չեն զգուշացրել: «Ըստ պրակտիկայի, ադրբեջանական կողմը միշտ չէ, որ տեղեկացնում է «սեւ ցուցակ» գցելու մասին, դրա մասին մարդիկ իմանում են հենց սահմանին», նշել է ռուս պատգամավորը, ավելացնելով, որ չի հասկանում իրեն սեւ ցուցակում ընդգրկելու իմաստը. «Ախր դա հումանիտար այց էր, մասնավոր, այլ ոչ «Արդար Ռուսաստան» կուսակցության անունից»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4