«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԵՑՄԱՄԲ

Մայիսի 6-ին, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ, Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ թեկնածու Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Այս համատեքստում էլ կարելի է տեղավորել Սարկոզիի հերթական հավաստիացումները, որ արդեն հունիսին նա կրկին կներկայացնի ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելի դարձնող նոր օրինագիծ: Սարկոզին դիմել է ֆրանսահայությանը, հավաստիացմամբ, որ հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւի հարցին:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել է «Ազգը», այս տարի ապրիլի 24-ին Սարկոզին առաջին անգամ որպես Ֆրանսիայի նախագահ մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը` նաեւ ծաղկեպսակ դնելով Փարիզի Երեւանյան այգում կանգնեցված Կոմիտասի արձանին:

Միեւնույն ժամանակ, նույն Սարկոզին «դանդաղեց» վավերացնելու Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած նախորդ նմանատիպ բանաձեւը մինչ այն պահը, քանի դեռ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն իր եզրակացությամբ այն չէր ճանաչել «ոչ սահմանադրական»:

Այնուամենայնիվ, երեկ գիշերվա տվյալներով, հարցախույզներով Սարկոզին շուրջ 7 կետով հետ է մնում իր մրցակցիցՙ Ֆրանսուա Օլանդից:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4