Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը երեկ կառավարությանը նիստից հետո պատասխանեց Մաշտոցի պուրակի կրպակներին վերաբերող լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ի՞նչ է լինելու կրպակների հետագա ճակատագիրը եւ որտե՞ղ են դրանք վերատեղադրվելու, Երեւանի փոխքաղաքապետը նախ ասաց, որ կրպակները կապամոնտաժվեն շատ սեղմ ժամկետում եւ կշարունակվեն այգու բարեկարգման աշխատանքները, ապա նշեց, որ կրպակների վերատեղադրման հարց չկա: Մանրամասնելով, նա հայտնեց, որ կրպակները պատկանում են Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ձեռնարկությանը եւ դրանք այլ տեղ չեն վերատեղադրվելու:
Կամո Արեյանի այս պատասխանն առնվազն տարակուսանքի առիթ է տալիս: Հիշեցնենք, որ մինչ նախագահի այցը Մաշտոցի պուրակ եւ կրպակներն ապամոնտաժելու նրա հանձնարարությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը անընդհատ խոսում էին կրպակների տերերի սեփականության իրավունքի եւ այն հարգելու անհրաժեշտության մասին: Այժմ, ըստ Կամո Արեյանի, պարզվում է, որ կրպակները սեփականատերեր չունեին, հետեւաբար նրանց իրավունքների պաշտպանության հարց էլ չկար: Այսինքն, քաղաքապետարանը ինքն էր շահագրգիռ, որ այդտեղ կրպակներ տեղադրվեին, բայց դա հիմնավորում էր Աբովյանի փողոցի ապամոնտաժված կրպակների սեփականտերերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Հարց է առաջանում, վերոնշյալ պաշտոնյաներից ո՞վ է ճիշտ ասում:
Ա. Մ.