Ռոբերտ Քոչարյանը պահեց իր խոսնակի շուրթերով հնչեցրած «խոսելու» խոստման ցուցափեղկը` հարցազրույց տալով «Մեդիամաքսին»: Ծավալուն այս հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնենք:
ԲՀԿ-ի հետ կապի վերաբերյալ հարցին Ռ. Քոչարյանը պատասխանել է, թե տարբեր կուսակցությունների հետ է համագործակցել, բայց երբեք չի հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից. «Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում», ասել է նա` հավելելով, որ եթե ԲՀԿ-ն իրենը լիներ, ապա 2007 խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ում եւ ոչ թե ՀՀԿ-ում կլիներ նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը: Իսկ Վ. Օսկանյանի հետ կապված լինելու մասով էլ նկատել է, որ «եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին»:
Պատասխանելով իշխանության հետ հարաբերությունների հարցինՙ Քոչարյանն ասում է. «Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին: Ինձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն, եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին»:
Խոսելով տնտեսական վիճակի մասին` Քոչարյանը նշել է, թե երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է եւ դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում: Նա նաեւ շախմատը քաղաքականության հետ համեմատելու փորձն անհաջող է համարել, քանի որ«երկիրը կառավարելիս չպիտի ամենեւին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ «հաղթել» պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը եւ կոռուպցիային» եւ ապա` «շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից)», ասել է հանրապետության նախկին նախագահը:
Մ. Խ.