«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿԱԶԴԻ ՀՀ -ԳԴՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ ստորեւ ներկայացվող մեր զրույցը «հերթական» կհամարեի, եթե չլիներ դիվանագետի «անձնականին» առնչվող բացահայտումը։ Ընթերցանության, գրքի մասին մեր արդարացված հարցապնդումն այս անգամ ճանապարհ դարձավ դեպի սիրտ, որ ցավոք, մանավանդ պետության ներկայացուցչի պարագայում, միշտ երկրորդային է դառնում։

- Պարոն Մարտիրոսյան, տարին սկսվեց շատ աշխույժ. նախՙ արտգործնախարար Գուիդո Վեսթերվելլեն փետրվարին տարածաշրջանային այցով եղավ Երեւանում, այնուհետՙ ապրիլին Կորնելիա Փիիփերի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը։

- Նախՙ 1991-ից ի վեր ավանդաբար հայ-գերմանական հարաբերությունները միշտ շատ ակտիվ, բարիդրացիական են եղել, եւ այդ տեսակետից 2012 թվականը նույնպես բացառություն չեղավ։ Այս երեք ամսում երկու բարձր մակարդակի այցելություններ կայացանՙ Վեսթերվելլեի տարածաշրջանային եւ Փիիփերի Հայաստան կատարած այցերը։ Երկու դեպքում էլ նախարարը եւ պետնախարարը հանդիպումներ ունեցան Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, իսկ Կորնելիա Փիիփերի պարագայում, ինչպես գիտեք, Երեւանում եղավ նաեւ ցուցահանդեսի եւ գերմաներեն լեզվի կենտրոնի բացում։ Հատկապես երկրորդի հետ կապվածՙ երկար աշխատել էինք։ Որպես դեսպան այս 2- 2,5 տարիների ընթացքում առաջին օրվանից խնդիրը ուշադրությանս առանցքում էր, որ Հայաստանում գերմաներեն լեզվի ուսուցումն ավելի լավ հիմքերի վրա դրվի։Մեզ հաջողվեց, արդյունքը դրական եղավ։ Իսկ ցուցահանդեսի առիթով հատուկ նշեմ, որ դրանից առաջ տիկին Փիիփերի եւ Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հալլեում բացվեց Հայաստանի ժամանակակից արվեստի ցուցահանդես։Պայմանավորվածությունն այն էր, որ Հայաստանում էլ կազմակերպվի Գերմանիայինը, եւ սա պատասխանն էր։ Այս տեսակետից տարին բավական ակտիվ էր, եւ եթե դրան գումարենք վերջերս Հալլեում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հետաքրքիր ցուցահանդեսը, որին տիկին Փիիփերն էլ մասնակցեց Երեւան այցից առաջ, կարող եմ ասել, որ մեկնարկը բավականին ակտիվ էր, բայց տարին սրանով չի ավարտվի։Պատրաստում ենք բարձր մակարդակի այլ այցերՙ թե՛ խորհրդարանականՙ Բունդեսթագից, թե՛ գործադիր իշխանությունից։ Դրա մասին դեռ չեմ ուզում խոսել, բայց բանակցություններն ընթանում են, հետաքրքրությունը մեծ է։ Մայիսի 6-ի մեր խորհրդարանական ընտրությունների որակը նույնպես կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։

- Ինչի մասին ակնարկեց նաեւ Կորնելիա Փիիփերը Երեւանում։

- Միայն Փիիփերը չէ, բոլորն են ասել։Անցյալ տարի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին (այժմ նախկին-Ան. Հ.) Բունդեսթագի նախագահ Լամերտը շատ ուղիղ ասաց, թե հայ-գերմանական հարաբերությունների հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի խորհրդարանական առաջիկա ընտրությունների որակից։Մինչ օրս կարծես ամեն ինչ նորմալ է ընթանում։Ես էլ, որպես ՀՀ քաղաքացի, գոնե կառավարության կողմից տեսնում եմ ազատ եւ ազնիվ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ Մայիսի 6-ից հետո հուսով եմ նոր հնարավորություններ կբացվեն հայ-գերմանական հարաբերությունների համարՙ թե քաղաքական, թե մշակութային, թե տնտեսական ։

- Ավելի կմերձենանք Եվրոպային, Գերմանիային։

- Ոչ միայն Եվրոպային։ Առանց չափազանցության եմ ասումՙ բոլորի կարծիքն է, սա հնարավորություն է Հայաստանի համար դառնալ տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը։Ադրբեջանի մասին չեմ ուզում խոսել։Տեսաք, թե անցյալ տարի նոյեմբերին Բունդեսթագի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ինչ խայտառակ փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, վերջերս էլՙ Կանաչների հարցումը։Ամենայն հարգանքով Վրաստանի հանդեպ, այնուամենայնիվ կարծում եմ, որ եթե ընտրությունները հաջող անցնեն, իրոք կդառնանք տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրըՙ այդտեղից բխող բոլոր հետեւանքներովՙ թե՛ տնտեսական համագործակցության, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային։Գերմանացի մեր գործընկերները բոլոր հանդիպումներում ասել են, թե դա Հայաստանի համար նոր դռներ կբացի Գերմանիայում։Մնում է, որ հավատարիմ մնալով մեր այդ հանձնառությանը, կարողանանք ընտրությունը պատշաճ մակարդակով անցկացնել եւ ցույց տալ, որ իրոք քաղաքակիրթ երկիր ենք, քաղաքակիրթ ծրագրեր ունենք, հավատարիմ ենք մեր խոստումներին։

- Նոր դռներ ասելով նկատի ունեն նաեւ տնտեսական շփումները։ Գերմանացի գործարարների մեջ Հայաստանում կամ ԼՂ-ում ներդրումներ անելու նոր հետաքրքրություն կա՞։

- Ղարաբաղի մասին եթե ասեմ, ճիշտ չի լինի։Խոսքը Հայաստանում ներդրումների մասին է.Դեսպանությունն այդ աշխատանքը մշտապես տանում է, ուղղակի պետք է հաշվի առնել հետեւյալըՙ Գերմանիայի համար էլ, Եվրոպայի համար էլ տարին այդքան էլ հաջող չի սկսվել։Թեպետ Գերմանիայի տնտեսությունն իր հարեւանների համեմատ ավելի լավ վիճակում է, բայց այնուամենայնիվ այս ընդհանուր, դեռ չլուծված ճգնաժամն իր ազդեցությունը թողնում է գործարարների ծրագրերի, արտաքին ներդրումների վրա։Հիմա ամեն ինչ մեծապես կախված է, թե ինչպես կզարգանա իրավիճակն Իսպանիայում, ուր բավականին լուրջ խնդիրներ են առաջանում։

- Ժամանակավորապես կասեցնում է իրՙ ԵՄ-ի հետ կնքած պայմանագրերը։

- Իսպանիան տնտեսական առումով ԵՄ 4-րդ երկիրն է, եթե այնտեղ լուրջ խնդիր առաջանա, Հունաստանի պես հեշտ չի լինի լուծել,եւ բնական էՙ այն իր անդրադարձը կունենա գլոբալ տնտեսության վրա, այդ պարագայում հետեւանքները նկատելի կլինեն նաեւ Հայաստանում։Կան մի շարք գաղափարներ, որոնց ապահովումը մեծապես կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ծրագրեր է առաջարկում։Բայց դրա մասին կցանկանայի խոսել խորհրդարանական ընտրություններից հետո, տարվա երկրորդ կեսին։Մնացած առումով, կարծում եմ, մեր քաղաքական դիրքերը, մասնավորապես Գերմանիայում, բավականին ամուր են։Տարեսկզբին Ադրբեջանն ինչ ջանքեր, ներդրումներ կատարեց, տարբեր քաղաքական առիթներն օգտագործելով Խոջալուի ողբերգության շահարկումը դնելով շրջանառության մեջ։ Տարբեր ցանկություններ, ծրագրեր ունեին, բայց ոչինչ չհաջողեցին։Սա վկայում է նրա մասին, որ Գերմանիան բավականին լավ պատկերացնում է տարածաշրջանը, այն որոշ երկրների պես ի հաշիվ մարդկային արժեքների նախապատվությունը չի տալիս տնտեսական շահերին։

- Գերմանական լրատվամիջոցներում վերջերս ակնհայտ շատացել է Ադրբեջանին ուղղված քննադատությունը։

- Ադրբեջանը բոլոր առիթները տալիս է, որ իրեն քննադատեն։Դա իբրեւ հայ դիվանագետ չեմ ասում։Մարդ, որ քիչ թե շատ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին, ականատես է դառնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանումՙ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, քաղբանտարկյալներ եւ այլն։Բոլոր բնագավառներն էլ, եթե վերլուծենք, կտեսնենք, որ երկիրը հետընթաց է ապրում։Քննադատելու համար շատ խելք պետք չէ։Դրա ֆոնին մեր ձեռքբերումներըՙ մանավանդ եթե հիշենք, թե 2008-ի մարտի 1-ից հետո երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը եւ այս 4 տարվա ընթացքում գրանցված առաջընթացը։ Մնում է այս միտումն ուղղակի պահել, որպեսզի հասցնենք տրամաբանական ավարտին։

- Գերմանիացի Ձեր գործընկերների հետ զրույցներում նկատե՞լ եքՙ փոփոխություն կա՞ ինքնորոշված Ղարաբաղի ճանաչման հարցում։Գերմանիան առաջիններիցՙ վերջերս ճանաչում ստացած երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց։ Կարո՞ղ է ԼՂ առաջիկայում այդ երկրների ցուցակում դառնալ հաջորդը։

- Չեմ ուզում առաջ ընկնել ու ասելՙ հաջորդ երկիրը կլինի, թե չէ։ Կա Մինսկի խումբ, որի անդամ է նաեւ Գերմանիան։ԳԴՀ պատահական երկիր չէ, պասիվ դիտորդ չէ, որ այլ մայրցամաքից հետեւում է եւ տեղյակ չէ, ինչ է կատարվում, ներգրավված երկիր է եւ տարբեր առիթներով պաշտպանել է Մինսկի խմբի գործընթացը եւ ֆորմատը, որն երբեմն ուզում է փոխել Ադրբեջանը։

Գերմանիայի կառավարությունը բոլոր առիթներով, շատ հստակ հայտարարել է, որ ինքը ճանաչում է միայն Մինսկի խումբը, գործընթացը եւ մասնավորապեսՙ մադրիդյան սկզբունքները։Այդ փաստաթղթում կա նաեւ Ղարաբաղի ինքնորոշման խնդիրըՙ հանրաքվեի միջոցով։ Երբ Ձախերը գրավոր հարցում էին ուղարկել Գերմանիայի կառավարությանը Ադրբեջանի վերաբերյալ, այնտեղ մի կետ կար նաեւ Ղարաբաղի հետ կապված։ Գերմանիայի կառավարությունը հստակ պատասխանել էր, թե պաշտպանում է Մինսկի խումբը, աջակցում Մինսկի խմբի 3 հիմնարարՙ մեզ համար ընդունելի սկզբունքներինՙ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում։Սա Գերմանիայի կառավարության դիրքորոշումն է։Մնացածը կախված է նախագահների եւ նախարարների մակարդակով ընթացող բանակցություններից, որը պիտի հանգեցնի արդյունքի։Շատ է ասվելՙ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն է պատճառը, որ արդյունքները դեռ շոշափելի չեն։

- Պարոն Մարտիրոսյան, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԳԴՀ դիրքորոշման մեջ նոր նրբերանգ կա՞։

- Իհարկե։Առաջին օրվանից հստակ պաշտպանել են այս գործընթացը։ Գաղտնիք չեմ ասի, շատ դժգոհ են Թուրքիայի կեցվածքից, որը փաստաթուղթը ստորագրելուց հետո չվավերացրեց այնՙ պայմանավորելով ԼՂ եւ այլ խնդիրներով։Գերմանիայի կառավարությունը տարբեր առիթներով ասել է, որ դա ճիշտ մոտեցում չէր։Արտգործնախարար Վեսթերվելլեն նախագահի հետ հանդիպմանն ասաց, թե իրենք հիասթափված են։Չեմ ուզում ասել Թուրքիայի վրա ճնշումներ, բայց Հայաստանի հետ հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի կարգավորելու կոչեր Գերմանիան միշտ էլ արել է։Ուղղակի իր քաղաքական ավանդույթից ասեմ, թե գործելակերպից, Գերմանիան այդ հարցերում իրեն առաջին չէ, երկրորդ էշելոն է համարում։Տարածաշրջանը չի մտնում իր առաջնայնությունների մեջ, ու եթե ընդհանրապես նայենք, կարող ենք ասել երեւի, թե այսօր Եվրոմիության խնդիրներից դուրս Գերմանիան ոչ մի այլ խնդրում առաջնայնության չի հավակնումՙ լինի դա Միջին Արեւելքի, Աֆղանստանի, թե ցանկացած թեժ կետի վերաբերյալ։

- Դրա համար էլ շատ քննադատվում է։

- Ես չէ, որ պիտի գնահատեմ, իրենց քաղաքականությունը դա է, եւ դրան համահունչՙ նա համապատասխան դրսեւորում ունի հայ-թուրքականի վերաբերյալ։

- 2012-ը սկսվեց մշակութային հզոր ակորդովՙ Հալլեում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսով։Ուրիշ էլ ի՞նչ է նախատեսվում։

- Դեկտեմբերին Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպեցինք «Ծաղկազարդ» երգչախմբի համերգները ԳԴՀ երեք քաղաքներում, լավ եզրափակիչ էր տարվա համար։Այն, ինչ պայմանավորվել ենք եւ ինչ ուղղությամբ հիմա աշխատում ենք, նույնպես 2 տարվա բանակցությունների արդյունք է. խոսքը սեպտեմբերի 6-ին Բեռլինի Հումբոլդտ համալսարանում Կոմիտասի հուշատախտակի հանդիսավոր բացմանն է վերաբերում։Հիմա տեխնիկական աշխատանքներն են տարվումՙ Հայաստանում պիտի ձուլվի հուշատախտակը։Նույն օրը մշակութային հարուստՙ 2 մասից բաղկացած ծրագիր է հրամցվելուՙ Կոմիտասին նվիրված գիտական զեկուցումներ եւ համերգային ծրագիր։

- Վերջերս համայնքային կազմակերպություններից մեկիՙ գերմանահայոց կենտրոնական խորհրդի անունից Ձեզ ուղղված բաց, քննադատական նամակ էր տպագրվել «Հետք»-ում։

- Բաց եւ անստորագիր։Երբ ԳԿ խորհրդի որոշ անդամների հետ խոսեցի, պարզվեց, նրանք ընդհանրապես տեղյակ չեն այդ նամակից։Տարածել այն խորհրդի վրա, անտեղի եմ համարում, դրա հիմքերը չկան։ Խորհրդի անդամների հետ ունեմ նորմալ հարաբերություններ, խնդիր կա մեկ անձնավորության հետ կապված։ Չեմ ցանկանում մամուլում անձնական հարաբերություններ քննարկել։ Իսկ համայնքային կազմակերպության հետ դեսպանը եւ դեսպանությունն ի սկզբանե որեւէ խնդիր չեն ունեցել եւ չունեն։

- Դառնանք գրատպության 500-ամյակին։Հայաստանցի գրահրատարակիչները ամեն տարի հոկտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտում մասնակցում են գրքի տոնավաճառին։ Հալլեում բացված ցուցահանդեսից բացի չկա՞ր առաջարկ դառնալ տոնավաճառի պատվո հյուր երկիրը։(2012-ի հոկտեմբերի 10-14 անցկացվող տոնավաճառի պատվո հյուրը Նոր Զելանդիան է-Ան. Հ.)

- Այդպիսի առաջարկից տեղյակ չեմ։Ես չեմ զբաղվել այդ խնդրով, բայց նախորդ փորձերից ելնելով, կարող եմ ասել, որ դա ոչ միայն կազմակերպական, այլեւ ֆինանսական շատ մեծ խնդիրների հետ է կապված, եւ չգիտեմՙ արդյոք դա մեզ նպատակահարմար է։Իհարկե, այս տարի 500-ամյակն արտացոլվելու է տոնավաճառում։Իսկ մենք ԳԴՀ-ում գերմաներեն լեզվով հրատարակված Հայաստանին առնչվող գրքերի մի մեծ ցուցակ ենք կազմել, դիմել ենք համապատասխան հրատարակչություններին, որ մեզ տրամադրեն, որ ուղարկենք մեր Ազգային գրադարանին։

- Մի առիթով ասացիք, թե Ձեր սիրած հեղինակը Համո Սահյանն է։

- Հայաստանի հողի, բնության, գյուղացու հանդեպ վերաբերմունքը, ուզում եմ շեշտը մի քիչ դեպի գյուղ տանել, ոչ թե քաղաք...

- Շա՞տ եք սիրում գյուղը։

- Այո, ծնողներիցս մեկն արմատներով Մեղրիից է, մյուսըՙ Հրազդանից, թեեւ ծնվել եմ Երեւանում, բայց ինձ հողի մարդ եմ համարում։

- Մշակու՞մ եք։

- Իհարկե, պարտադիր։Բեռլինում չէ, բայց հողի հետ միշտ կապված եմ եղել։Համո Սահյանի ստեղծագործության մեջ հողի, գյուղի աշխարհի մարդուն եմ տեսնում, դրա համար էլ հոգեհարազատ է։

- Չե՞ք մտածել ծանոթ թարգմանիչներին առաջարկել Ձեր սիրած հեղինակին գերմաներեն ներկայացնել։

- Չեմ մտածել։Չգիտեմՙ գերմանացին ինչքանո՞վ դա կհասկանա։ Անեկդոտների պարագան կաՙ երբ հայերեն համով անեկդոտները փորձում ենք այլ լեզվով ներկայացնել, պատմել, մարդիկ չեն հասկանում։Համո Սահյանը հայ գրող է, գրում է Հայաստանի մասին, դա լրիվ զգալու համար, ինձ թվում է, հատուկ հայկական «ռեցեպտորներ» պիտի ունենաս։

- Հիմա ի՞նչ գիրք եք կարդում։

- Գիրք շատ եմ կարդում։Հիմա մեր հայրենակցիՙ Տարոն Աճեմօղլուի վերջին «Ինչու են ազգերը ձախողում» («Why nations fail») գիրքն եմ կարդում ։

- Գիտեմ, որ Վարդան Օսկանյանն էլ նույն գիրքն է կարդում։

- Չգիտեի։Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում սովորելու ժամանակ մի քանի առարկաներ էինք անցնում, եւ Աճեմօղլուն մեր պարտադիր հեղինակներից մեկն էր։Կգա օրը, եւ կտեսնենք, որ մեր հայրենակիցը կդառնա Նոբելյան մրցանակակիր։Այսօր որ երկրում, որ համալսարանում էլ հարցում անեն, Աճեմօղլուն կլինի լավագույն տնտեսագետների 10-յակի մեջ։ Նա շատ տաղանդավոր է եւ շատ յուրահատուկ, քանի որ լրջագույնս օգտագործում է մաթեմատիկական ապարատը։Հիշում եմՙ մեր ուսանողները Կոլումբիայում դրանից դժգոհում էինՙ մաթեմատիկային լավ պիտի տիրապետես նրան յուրացնելու համար։Ես էլ մաթեմատիկայից լավ էի, ասում էինՙ հայերով մաթեմատիկայից ուժեղ եք։ Ես էլ պատասխանում էիՙ դե Աստված մեզ էլ դա է տվել։

- Իսկՙ գեղարվեստական գիրք։

- Անկեղծ ասածՙ գեղարվեստականին ժամանակ քիչ է մնում։Սահյանը ժամանցի, երեխաների դաստիարակության, մեր սեղանի գիրքն է։Սեղանիս դրված մյուս գիրքը Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ»-ն է։

- Ի՞նչ երաժշտություն եք լսում։

- Դասական երաժշտություն, 60-ականների ծնված լինելով հին ավանդական դասական ռոքն եմ շատ սիրում, հայ երաժշտություն, չխառնենք ռաբիսի կամ ժամանակակից երաժշտական աղբի հետ։Մեր տանը շաբաթ-կիրակի օրերին պարտադիր ժամ ենք գտնում ունկնդրելու Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։

- Դուք էլ նվագում եք։

- Չէ, Աստված այդ մի տաղանդն ինձ որոշել է չտալ։ Լսողություն ասվածը չունեմ։

Անահիտ Հովսեփյան, Քյոլն, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4