«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

«Գոլդն գրեյպ Արմաս» ընկերության ներդրումային ծրագիրը երեկ կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկի մինչեւ 2013-ի փետրվարը հետաձգման արտոնություն ստացավ: Ժամանակացույցի վերանայման պատճառ են դարձել ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ ներմուծվելիք ապրանքների ցանկի փոփոխությունը: 6,6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման եւ վերամշակման, գինու եւ կոնյակի արտադրություն, ինչպես նաեւ ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ: «Իսկապես տպավորիչ ծրագիր է: Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը: Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում: Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում եւս, որովհետեւ բարձրացվում է արտադրության որակը: Իհարկե, շատոյի սկզբունքով գինու արտադրությունը հնարավորություն է տալու, որպեսզի այդ գինին ամբողջությամբ իրացվի: Սա մեր հաջողված ծրագրերից է», ծրագրի վերաբերյալ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ժամանակակից ջերմոցներ Նորագավիթում

Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման եւ զարգացման ներդրումային ծրագիրը երեկ արժանացավ կառավարության հավանությանը: Մասնավորապես, կառավարությունը համաձայնություն տվեց Երեւանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69,83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձեւով օտարման առաջարկությանը: Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն եւ կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոնը», որը կարող է ներդրողներ ընտրել մինչեւ 2014-ի դեկտեմբերի 1-ը: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ: Անդրադառնալով այս ծրագրին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Սա որակապես նոր ծրագիր էՙ նոր մոտեցումներով եւ ֆինանսական մեխանիզմներով: Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն եւ մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը: Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը: Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում` ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»:

Այս անգամ բողոքում էին կոնդեցիները

Կառավարության շենքի առջեւ երեկ հավաքվել էին Երեւանի Կոնդ թաղամասի բնակիչները, որոնց տները, գտնվելով իրացման գոտում, քանդվել էին, իսկ նրանց խոստացած բնակարանները դեռ կառուցված չեն: Կառուցապատող «Դաուն Թաուն Երեւան» ընկերությունը պարտավորվել էր մինչ բնակարանների կառուցումը վճարել այդ բնակիչների վարձով բնակարանների վարձավճարները, բայց չէր վճարել դրանք: Կոնդեցիների ներկայացուցիչները Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանի հետ գնացին ֆինանսների նախարարությունՙ պարզելու վարձավճարների հետ կապված հարցը:

Նշենք, որ կոնդեցիների բողոքն այս առումով միակը չէ: Երեւանի տարբեր հատվածների բնակիչներ տարիներ շարունակ սպասում են, թե վերջապես կառուցապատողները ե՞րբ կսկսեն իրացման կամ կառուցապատման աշխատանքները: Ամիրյան փողոցի բնակիչները վարձով բնակարանների վարձավճարների նույն խնդիրն ունեին, Կոզեռն թաղամասն 9 տարի համարվում էր իրացման գոտի առանց իրացման աշխատանքների որեւէ քայլ կատարվելու եւ այլն: Երբ Երեւանի քաղաքապետ էր դարձել Կարեն Կարապետյանը, նրան հարց ուղղեցինք, թե ե՞րբ կլուծվեն իրացման գոտիների բնակիչների խնդիրները եւ քաղաքապետարանը ե՞րբ կհարկադրի կառուցապատողներին կատարելու իրենց պարտավորությունները: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրենք չեն ցանկանում ճնշում գործադրել կառուցապատողների վրա, բայց խոստացավ, որ առաջիկա մեկ-երկու տարում այդ հարցերը վերջնական լուծում կստանան: Կոնդեցիների երեկվա բողոքը, մյուս իրացման գոտիներում բնակվողների անորոշությունն ու սեփական գույք տնօրինելու փաստացի սահմանափակումը վկայում են, թե ինչ արժեն մեր պաշտոնյաների խոստումները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4