«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


...ՄԵՆՔ ԿՀԱՅՏՆԱԲԵՐԵՆՔ ՁԵԶ. ՀՈՒՅՍԸ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ...

Ապրում ենք ՀՀ ազատ, անկախ երկրում: Ունենք աշխատելու իրավունք: Բայց բոլորը չէ, որ աշխատանք ունեն: Շատ են գործազուրկ-դժգոհողները... Մեկը հարցնող լինի.- Ինչո՜ւ եք դժգոհում: Այդ մարդիկ այսքանին են կարողանում աշխատանքով ապահովել... Նավթ չունե՜նք... Մի՞թե չեք հասկանում, որ մեզ հզոր սփյուռք է պետք... Կամ, ասենք, դժգոհում եք, թե կրպակները հանում են, չեն թողնում աշխատեք... Է, լա՜վ են անում. հո դուք Մանթաշյանցը կամ նրա տղան չեք... չէ՞ որ քաղաքը պե՜տք է ունենա իր «բրենդը». Երեւանը Փարիզից, Լոնդոնից, Տոկիոյից, Հռոմից, Ժնեւից... պակա՞ս քաղաք է... Չե՜ք ուզում հասկանալ, որ քաղաքը պետք է ունենա իր դեմք-բրենդը..., չէ՜ որ սագերը փրկել են Հռոմը, իսկ կրպակներն էլ կփրկեն Երեւանը... Իսկ Հայաստանին ի՜նչը կփրկի, ցույց կտա ժամանակը: Այդ մարդիկ հնարավորից ավելի աշխատատեղեր են ստեղծել, օրինակ` սփյուռքի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, 3-4 հանձնաժողովներ... Էլ ի՜նչ եք ուզում... Երիտասարդ եք` դարձե՜ք նշանավոր մարզիկներ, Հայաստանի պատիվը բարձրացնողնե՜ր. ավտոն էլ կունենաք, տունն էլ, հարգանքն էլ, պատիվն էլ... Ո՜վ է ձեր ձեռքը բռնել... Աշխատանք չունե՜ք... Փող չունեք... Մա՜րդ չեք... Ո՜վ եք դուք... Տրանսվերտ չե՜ք ստանում... Խնամի, ծանոթ, բարեկամ չունեք... Գիտե՜ք, աղբամանները գրավված են նաեւ շներով... Հո ինքնասպանների շարքերը չե՞ք լրացնելու... Խորհուրդ չէի տա... է, ձեր Հայաստանում մնալու իմաստը ո՜րն է... Իսկ դուք չգիտե՜ք, որ ունեք ազատ տեղաշարժվելու իրավունք, չգիտե՜ք, որ հայերս աշխարհակիր ենք, գիտելիքակիր... Հիմա ձեզ նսեմացած, ցածրացած եք զգում, ձեզ բանի տեղ դնող չկա... Է՜, ո՜վ է մեղավոր... Դո՜ւք... Գնացե՜ք- դարձե՜ք աշխարհի հայեր...մեծ հայեր...ունեւոր հայեր...բարեգործ հայեր, ձեր եկեղեցին կառուցող հայեր... Այդ ժամանակ էլ ձեզ հետ հաշվի կնստեն... Դո՜ւք էլ կուրախանաք, պետությունն էլ, հայերն էլ... Ձեզ էլ կաստվածացնեն... Միայն թե գնացե՜ք...չե՜ք կորի... Մասնակցելով հեռուստամարաթոնին` դուք ձեզ կհայտնաբերեք... Տրանսվերտ ուղարկեք` նույնը... Մենք այնքա՜ն ծրագրեր ունենք, որ կարո՜ղ ենք ձեզ գտնել, հայտնաբերել... Հապա ինչի՜ համար են «Օտար ամայի ճամփեքի վրա», «Մերոնք», «Աշխահի հայերը», «Ծագումով հայ են», «Մեկ ազգ` մեկ մշակույթ», «Բազե», «Միասին», «Համահայկական խաղեր», «Ոսկե ծիրան», «Արի տուն», «Տաշիր մրցանակաբաշխություն» հեռուստահաղորդաշարերը... Էլ որը գրեմ, էլ որը...

Չեք կորի, հանգիստ խղճով, առանց վախի գնացեք... Հետներդ մի բուռ հող չտանեք, հանկարծ... Հույսո՜վ գնացեք... Չէ՜ որ մենք գիտելիքակիր ազգ ենք, քարից հաց քամող ենք... Եթե մենք կարողանում ենք հայտնաբերել, որ բասկերի, իռլանդացիների, անգլոսաքսերի, բավարացիների եւ այլնի նախնիները հայե՜ր են եղել, հայտնաբերում ենք մահմեդականացված հայերին, համշենահայերին, ալեւի զազա հայերին... ձեզ կհայտնաբերե՜նք ու կհայտնաբերե՜նք հեշտությամբ...

ՊԵՏՐՈՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4