Մայիսի 1-ին Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի եթերում «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր ու սեփականատեր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ «Facebook» ցանցում բացվելու է նոր բաժին, որտեղ սոցցանցի անդամները, որոնք ցանկություն ունեն դոնորներ դառնալու, կարող են տեղեկատվություն տեղադրել այդ մասին:
Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարկ Ցուկերբերգը նշել է` նման քայլով «Facebook»-ի շուրջ մեկ միլիարդ անդամներն ավելի հեշտ կգտնեն դոնորների մասին իրենց անհրաժեշտ ինֆորմացիան: Ցանցից օգտվողը կարող է նշել` ե՞րբ, ինչու՞ եւ ո՞ր երկրում է պատրաստ դոնոր դառնալու: Իսկ եթե օգտատերը պաշտոնապես գրանցված չլինի որպես դոնոր, ապա «Facebook»-ի նոր բաժնի միջոցով կարող է ծանոթանալ իր երկրում գրանցվելու պայմաններին:
«Facebook»-ի նոր ծառայությունում օգտատերը նաեւ հնարավորությունի ունի տեղադրելու տեսանյութ, որտեղ կբացատրի դոնոր դառնալու իր պատճառները: Իսկ ընդամենը մի կոճակ սեղմելով յուրաքանչյուր օգտատեր կարող է նշել, որ մահվանից հետո ինքը պատրաստ է որեւէ օրգանի դոնոր դառնալ:
Ըստ Մարկ Ցուկերբերգի` նախաձեռնությունը նաեւ նպատակ ունի ներդնելու սոցիալական մեդիայի ուժը` լուծելու մարդու օրգանների փոխպատվաստմանն անընդմեջ առնչվող խնդիրը, որն է փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգանների անբավարարությունը:
Միայն Միացյալ Նահանգներում ավելի քան 114 հազար ամերիկացիներ սպասում են երիկամի, լյարդի, սրտի եւ կենսական նշանակությամբ մյուս օրգանների դոնորներին: Սակայն իրականում սպասողներից միայն մի փոքր տոկոսն է գտնում հարմար դոնորների ու ստանում օրգանի փոխպատվաստումը:
Մարկ Ցուկերբերգը հավելել է, որ «Facebook»-ի նոր բաժինը կօգնի լուծելու դոնորական օրգանների անբավարարության խնդիրը:
Ի. Պ.