Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում շարունակվում են հանրահավաքներն ու դասադուլը: Լեզվաբանական համալսարանը բաժանվել է երկու թեւի: Ուսանողներից շատերը պաշտպանում են պաշտոնանկ եղած ռեկտորի շահերը, պրոֆեսորադասախոսական կազմըՙ ներկայիս ռեկտորի պաշտոնակատարի իրավունքները: Երեկ պառակտված համալսարանի երկու թեւերը հայտարարություն են տարածել: Փողոց դուրս եկած եւ հանրահավաքաներ կազմակերպող ուսանողները, ովքեր իրենց անվանում են «Ազատ ուսանողներ ֆորում»-ի մասակիցներ, հավաստիացնում են, որ ԵՊԼՀ ուսանողներն ու բուհի կողքին կանգնած դասախոսները վերջին շրջանում ոչ հայկական հեռախոսահամարներից ստանում են սպառնալիքներ: Ուսանողները պատմում են, որ որոշ դասախոսներ նրանց վախեցնում են, լսարանում քարոզ կարդում:
Ավելինՙ ոչ զոլյանական դասախոսները որոշել են ուսանողներին պատժելՙ ասելով, որ գրավոր կամ բանավոր քննությունների ժամանակ դրական գնահատական չեն ստանա: Նրանք պատմում են, որ սպառնացող դասախոսները զանգահարում են ուսանողների բնակարաններ ու ամոթանք տալիս ծնողներին: Օրինակՙ աղջիկների ծնողներին ասում են, թե ամոթ է, որ աղջկները խոսեն իրավունքից, օրենքից: ՈՒսանողները հայտարարել են, որ համալսարան կվերադառնան միայն այն ժամանակ երբ Զոլյանը կվերականգնվի նախկին պաշտոնում, քանի որՙ չկա Զոլյան, չկան իրենք ու «Բրյուսովը»:
Երեկ նախագահին, վարչապետին եւ ԿԳ նախարարին նամակ է ուղարկել նաեւ պրոֆեսորադասախոսական կազմըՙ շեշտելով, որ անհանգստացած է համալսարանում տիրող իրավիճակից: Նրանք անհանդուրժելի են համարում, որ որոշ դասախոսներ իրենց հասցեին վիրավորական հայտարարություններ են անում եւ անբարեկիրթ պահվածք դրսեւորում: Նրանք շեշտում են, որ ազատ դասախոսի մանիֆեստը ստորագրել են մի քանի դասախոսներ, ովքեր տարիներ շարունակ վայելել են նախկին ռեկտորի հովանավորությունը:
«Անհերքելի է պարոն Զոլյանիՙ որպես գիտնականի եւ հասարակական գործչի վաստակը, սակայն բուհում նրա կողմից ներառված ավտորիտար կառավարման ոճը եւ կոլեկտիվի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, տարեցտարի խորանալով, հանգեցրին վախի մթնոլորտի ձեւավորման»: Դասախոսների ներկայացմամբՙ Զոլյանը 4.000 ուսանողներից 40-60-ին հանում է փողոցՙ հետապնդելով մի նպատակՙ ապատեղեկատվությամբ հրահրված անկարգությունները ծառայեցնել անձնական խնդիրների լուծմանըՙ մնալ ռեկտորի պաշտոնում եւ շարունակել կեղեքել բուհը:
Դասախոսները հույս ունեն, որ այս նամակով պետական պաշտոնյաների ձեռնարկած վարչարարական ընթացակարգերը կհանգեցնեն իրավաչափ եւ արժանավայել հանգուցալուծման:
Հ. Հ.