Գիտնականները հայտնաբերել են, որ տարեց մարդկանց մեջ ափսոսանքի զգացողությունը բերում է դեպրեսիայի: Երիտասարդները կարող են ափսոսանքի դեմն առնել ինչ-որ բան անելով կամ փոխելով իրենց վարքագիծը, սակայն նույնը չի կարելի ասել տարեց մարդկանց մասին:
Ուսումնասիրությամբ, որի առարկան եղել է ափսոսանքի զգացողությունը, պարզվել է, որ դեպրեսիայի մեջ գտնվող տարեց մարդիկ` ի համեմատություն իրենց առողջ հասակակիցների, ավելի շատ են հակված եղել ափսոսանքի զգացումն ապրելու, երբ բախվել են մի իրավիճակի, որտեղ նրանք կորցրել են մրցանակ շահելու հնարավորությունը: Եվ իրենց ափսոսանքը հաղթահարելու փոխարեն, ինչպես իրենց առողջ եւ դեպրեսիայից չտառապող հասակակիցներն են հակված եղել անելու, դեպրեսիայի մեջ գտնվող տարեց մարդիկ ավելի հաճախ փորձել են փոխհատուցել իրենց ցգացողությունները` երիտասարդների նման ավելի մեծ ռիսկի դիմելով:
«Մեր հուզական լավ վիճակի համար կարծես թե մեծ նշանակություն ունի, որ մենք ավելի տարեց դառնալով զայրույթով հետ չնայենք մեր անցյալին եւ կենտրոնանանք միայն դրականի վրա», ասում է Համբուրգի Համալսարանական բժշկական կենտրոնի գիտաշխատող Ստեֆանի Բրեսենը :
«Ավելի երիտասարդ տարիքում տխուր իրավիճակները հաղթահարելու ակտիիվ փորձերը կարող են օգնել օպտիմալացնելու հետագա վարքը: Սակայն տարիքի հետ մարդն ավելի քիչ հնարավորություններ է ունենում արդյունավետ փոփոխությունների համար», ասում է Բրեսենը:
«Այսպիսով, զայրույթով հետ չնայելն ու չափսոսալը մարդու մեջ մի ինտուիտիվ արդյունավետ ռազմավարություն են մշակում` հուզական լավ վիճակը պահպանելու համար»:
«Մենք եկել ենք եզրակացության, որ ափսոսանքի զգացումը հաղթահարելը հարմարվողականության է հանգեցնում, որը տարեց մարդկանց հուզական առողջության եւ նրանց դեպրեսիայի համար կարող է վճռորոշ գործոն համարվել», ասում է նա:
«Ինդեփենդենթ» ապրիլի 19, Թարգմ.` ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ