Նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը ապրիլի 29-ին Ամստերդամ քաղաքի «club cinema» սրահում կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ իր նոր սահմանած մրցանակը հասցեագրել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանին:
Մրցանակն, այսուհետ հանձնվելու է երկու տարին մեկ այն կազմակերպություներին ու անհատներին, Նիդերլանդների հայ համայնքային կյանքին կբերեն իրենց ակտիվ մասնակցությունն ու եռանդուն աջակցությունը: «Ուրախությամբ Ձեզ տեղյակ ենք պահում,- դեսպանին ուղղված ելույթում հայտնում է հոլանդահայ կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանը, - որ հենց Դուք եք արժանացել մեր առաջին մրցանակին: Մեծարգո դեսպան, շատ քաջալերական է, որ Նիդերլանդների հայ համայնքների ու կազմակերպությունների միջոցառումները միշտ Ձեր ուշադրության կենտրոնում են: Գաղտնիք չէ այդ ուղղությամբ Ձեր լայնամասշտաբ ու հայրենանվեր աշխատանքը, որը նոր լիցք է հաղորդում մեզՙ Սփյուռքում աշխատող կառույցներին: Մրցանակի կապակցությամբ շնորհավորելով Ձեզ, մաղթում ենք հետագա հաջողություններ հոլանդահայ համայնքների միավորմանն ուղղված Ձեր ջանքերում»:
Չի ուշացել նաեւ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի արձագանքը: Պատասխան ուղերձում դեսպանը վստահություն է հայտնում, որ Dear Angel-ը հոլանդահայ կազմակերպությունների, հայ եւ օտար բարեկամների հետ կկատարի իր շարունակական գործըՙ օժանդակելով խոցելի խմբի երեխաների կարիքների ապահովմանը: