«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ԹՌՉՈՂ ԱՓՍԵՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թռչող ափսե արտահայտությունն առաջին անգամ օգտագործվեց 1947 թվին, երբ ԱՄՆ-ում, «Խիստ գաղտնի» հրամանագրով հետախուզական եւ գիտահետազոտական աշխատանքներ սկսվեցին անծանոթ թռչող մարմինների շուրջը:

Չնայած թռչող ափսեների մասին տեղեկություններ հանդիպում են դեռ հնագույն ժայռապատկերներում, որոնց տարիքը ավելի քան հինգ հազար տարի է, լուրջ հետազոտություններ ծավալվեցին միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Անշուշտ, թռչող ափսեի խաբկանք կարող են առաջացնել ասուպները, ամպերի ձեւավորումները, գնդաձեւ կայծակը, ռազմական ինքնաթիռները եւ այլն, բայց կան նաեւ գիտական հասկացողությամբ անբացատրելի բազմաթիվ դեպքեր:

Ոմանք հեգնանքով են նայում խնդրին եւ անիմաստ են համարում հետազոտելը, ոմանք էլ երեւույթը համարում են օբյեկտիվորեն գոյություն չունեցող հոգեբանական իրավիճակ:

Չնայած այս ամենին, աշխարհում թռչող ափսեների առեղծվածով հետաքրքրված գիտնականների թիվը բավականին մեծ է:

Իսկ ի՞նչ կա մեզ մոտՙ Հայաստանում:

Իմ զրուցակիցը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեւոն Արարատյանն է. «Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում թռչող ափսեների ամենանշանակալի դիտարկումներից առաջինը թերեւս Սպիտակի երկրաշարժից հետո Նալբանդ գյուղի շրջակայքում էր: Տեղի բնակիչների խնդրանքով, ես մեկնեցի դեպքի վայր: Բազմաթիվ ականատեսներ պատմեցին, որ մի քանի օր շարունակ նույն ժամին երկնքում հայտնվում էր իլիկաձեւ սպիտակ ինչ-որ բան, որը երբեմն ուժեղ լույս էր արձակում: Այդ պահին կանգ էին առնում ժամացույցները, չէին աշխատում հեռախոսներն ու հեռուստացույցները, որոշ ժամանակ անշարժանալուց հետո սարքը միանգամից անհայտանում էր:

Շատ հայտնի են 1990 թվի ապրիլի 29-ի թիվ 111 դպրոցի եւ 1990 թվի նոյեմբերի 24-ի Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ գտնվող Լենինգրադյան խճուղու խաղողի այգիների դեպքերը:

111 դպրոցի աչքաթող եւ կիսաքանդ հետնամաս-բակում չորրորդ դասարանցի մի քանի տղաներ շատ մոտիկից տեսել էին համարյա վայրէջք կատարած թռչող ափսե: Տղաներից մեկը վախեցել եւ փորձել էր փախչել, բայց, ինչպես ինքն էր պատմում, ուժեղ հոսանքի պես մի բան խփել էր ու անշարժացրել տեղում: Տղայի ձեռքին մնացել էր այրվածքատիպ հետք, որը չէր ցավում:

Նոյեմբերի 24-ին, ժամը 22-23-ի սահմանում բազմաթիվ երեւանցիների աչքի առաջ Լենինգրադյան խճուղու խաղողի այգիներում հայտնվեց սկավառակաձեւ մի առարկա, աղեղնաձեւ դասավորված կարմիր լուսային շրջանակներով: Մի քանի համարձակներ փորձեցին մոտենալ, բայց մոտ 50 մետր հեռավորության վրա մեքենաները անշարժացան:

Երկու դեպքերն էլ Հայկական ուֆոլոգիական կենտրոնի տնօրեն Հակոբ Տոնականյանի գլխավորությամբ մանրակրկիտ ուսումնասիրեցին համապատասխան մասնագետները: Ներկա էին նաեւ Մոսկվայի Գոյապահպանման սպասարկման կենտրոնի ներկայացուցիչները:

Ուսումնասիրությունների արդյունքները համարյա կասկածի տեղ չթողեցին, որ ականատես ենք անծանոթ թռչող մարմնի թողած հետքերի:

Այս ամենը ներկայացվեց 1991 թվի մարտին Մոսկվայում կայացած «Ֆենոմեն-91» համամիութենական գիտաժողովում: Տպագրվեց հայկական եւ ռուսական մամուլում:

Ցավոք, Հակոբ Տոնականյանի մահից հետո շատ արժեքավոր նյութեր, այդ թվումՙ հազվագյուտ տեսանյութեր, կորան:

2012 թվականի ապրիլի սկզբին Երեւանի Բուսաբանական այգում մի անբացատրելի երեւույթ հայտնաբերվեց:

Պատմում է Բուսաբանական այգու փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Մովսիսյանը . «Այդ օրը աշխատանքի բերումով այգու տարածքով շրջելիս ամբողջապես կարմիր ավազով պատված «Կաղնիների ծառուղում» տեսա պարզ արտահայտված, մոտ 6 մետր երկարությամբ, համաչափ տրամագծով, բայց տարբեր շատ գեղեցիկ, յուրատեսակ նախշերով, խոր, հստակ դաջվածքով 4 կլոր պատկեր: Հողը լավ թաց էր, բայց մոտակայքում մարդու թողած ոչ մի հետք չկար: Այնպիսի տպավորություն էր, որ դա ձեռքի գործ չէ: Կարծես վերեւից ինչ-որ բան մխրճվել էր հողի մեջ եւ թողել այդ հետքերը: 40 տարի աշխատում եմ Բուսաբանական այգում, երբեք այսպիսի երեւույթի չեմ հանդիպել: Ինձնից բացի այլ աշխատողներ էլ տեսել եւ լուսանկարել են դրանք»:

Իմ հարցին, թե ինչի՞ց կարող են լինել հետքերը, Լեւոն Արարատյանը պատասխանեց. «Նմանատիպ կլոր կամ խխունջաձեւ հետքեր հանդիպել են հատկապես Անգլիայում ու Ավստրալիայում եւ համարվում են թռչող ափսեներին բնորոշ: Բայց քանի որ մի շարք խնդիրների պատճառով չստացվեց Բուսաբանական այգում լիարժեք հետազոտություններ անել, որոշակի ոչինչ ասել չեմ կարող»:

ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4