Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) պաշտոնապես հայտարարել է, որ Արթուր Աբրահամը 2-րդ միջինքաշային կարգում չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդն է: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը կրկին հնարավորություն է ստացել անմիջական պայքար մղելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Չեմպիոնական գոտին պատկանում է Ռուսաստանի Եյսկ քաղաքում ծնված, ներկայումս Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում բնակվող Ռոբերտ Շտիգլիցին, որը հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո:
Շտիգլիցը չեմպիոնական գոտու պաշտպանությունը պետք է իրականացներ մայիսի 5-ին բրիտանացի Ջորջ Գրովեսի հետ մենամարտում: Սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից: WBO-ի ղեկավարությունը թույլատրել է Շտիգլիցին այդ օրը տիտղոսի կամավոր պաշտպանություն իրականացնել, որից հետո այդ մենամարտի հաղթողը 90 օրվա ընթացքում պետք է հանդիպի Արթուր Աբրահամի հետ:
Ռոբերտ Շտիգլիցը 30 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում նա 43 մենամարտ է անցկացրել, որից 41-ը շահել է, 2-ում պարտվել:
Վերջերս Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը նշել էր, որ ցանկանում է մենամարտել Շտիգլիցի հետ: News.am-ի թղթակցին Աբրահամը հայտնել է, որ սպասում էր WBO-ի նման որոշմանը: Արթուրը մոտ 15 օրից կսկսի անմիջական նախապատրաստությունն այդ մենամարտին: Նրա կարծիքով մայիսի 5-ին Շտիգլիցը հաջողությամբ կպաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Այնպես որ Աբրահամը հույս ունի ռինգում հանդիպելու Շտիգլիցին եւ իրականացնելու իր առջեւ դրած խնդիրը: