Բայց մինչ այդ` ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ազատության հրապարակում երեկ կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը պետք է պատասխաներ մի քանի հարցերի. ո՞րն է ՀԱԿ-ի անելիքը` հետընտրական շրջանում, ո՞ւմ «օգնությամբ», կամ կողքին է կանգնելու այժմ, ո՞ւմ է տեսնում իր կողքին, ընդունելո՞ւ է արդյոք ԱԺ պատգամավորական մանդատները, որոնք ՀԱԿ-ի պարագայում, հիշեցնենք, 7-ն են, եւ եթե ընդունելու է, ապա ովքե՞ր անձամբ, այսինքն լինելո՞ւ են արդյոք ՀԱԿ առաջին 7-յակում մարդիկ, որոնք կհրաժարվեն մանդատներից: Եվ ամենակարեւոր հարցը. որքա՞ն մարդ կլինի հանրահավաքում, սա շատ կարեւոր է հատկապես այն առումով, որ եթե ՀԱԿ-ը, ասենք, որոշի «չհանդուժել ընտրությունների արդյունքները ու գրավել Բաղրամյան պողոտան», կունենա՞ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրս, համախոհների թիմ:
Սկսենք վերջից. ՀԱԿ-ի հանարահավաքին բնականաբար ներկա չէին այն հարյուր հազարն անց մարդիկ, որոնք իրենց ձայնն են տվել ՀԱԿ-ին, սակայն ներկա էին շատ ավելի քիչ, քան նախորդ հանրահավաքին:
Սա իմիջիայլոց, այժմ կարեւորի մասին: ՀԱԿ-ը, որը չգիտես ո՞ւմ նկատի ունենալով, ո՞ւմ վրա «բարկանալով»` ասաց Հրանտ Բագրատյանը ` «մեր երկրի միակ ընդդիմությունն է, ես շեշտում եմ` միակը...», մանդատները վերցնելու է: Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ անգամ ասաց. «Ես վերցնելու եմ ընտրողների, Լեւոն Տեր-Պետրոսյանի տված մանդատն ու գնալու եմ խորհրդարան, պայքարի նոր հնարավորությունն օգտագործելու»: Նույնն անելու է նաեւ Արամ Մանուկյանը , որը, սակայն, հավաքվածներին կոչ արեց` «ցավակցել ընտրված ՀԱԿ պատգամավորներին», քանի որ` «մենք այնպիսի՜ դեմքեր ենք տեսնելու այնտեղ....»: Այդուհանդերձ, Մանուկյանը հորդորեց հավաքվածներին` «չհուսահատվել ընտրությունների արդյունքներից», ինչը փաստորեն նշանակում է, որ ՀԱԿ-ը հաշտվում է այդ արդյունքների հետ:
Բայց արի ու տես, որ սա այդքան էլ այդպես չէ. մասնավորապես նույն Մանուկյանը հանդես եկավ, իբրեւ թե իմպրովիզ մի առաջարկությամբ, որը բնականաբար, հավաքված հանրությունն ընդունեց: ՀԱԿ-ը, հիմք ընդունելով իր կարծիքով ընտրությունների, ընտրական գործընթացների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ, լուրջ խախտումները, ընտրությունների արդյունքները վիճարկելու համար կդիմի Սահմանադրական դատարան: Հիմա առաջանում է հարց, եթե վիճարկելի են ընտրությունների արդյունքները, ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս եք ընդունում այդ իսկ ընտրությունների արդյունքում ձեզ շնորհված մանդատները....:
Որպես ընտրախախտում, Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է իր` «ցեղասպանություն» տերմինի հաճախ անհիմն շահարկումների համար, ասաց. «Ընտրությունների օրը ապրիլի 24-ն էր, իսկ մարդկանց Գազելներով այնպես էին տանում ընտրական տեղամասեր, ինչպես Օսմանյան Թուրքիայում էին հայերին տանում Դե Զոր...»:
Շարունակելով Արամ Մանուկյանի «իմպրովիզի» թեման, նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահն ընդգծեց, թե. «Քաղաքացիական ակտիվությամբ պետք է ճնշում գործադրել ՍԴ-ի վրա, որպեսզի այն կայացնի արդար որոշում»:
Ինչեւէ, մինչ ՍԴ-ն «քաղաքացիական ակտիվ ճնշման տակ» որոշում կկայացնի, իսկ նախքան այդ, մինչ ՀԱԿ-ը կկարողանա ապահովել այդ խիստ կասկածելի` քաղաքացիական ակտիվությունը, նշենք, որ Հրանտ Բագրատյանը, ով ամենայն հավանականությամբ կգլխավորի ՀԱԿ-ի խմբակցությունը` ԱԺ-ում, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց վերջինիս «հանձնեց իր մանդատը», սրտնեղելով եվրոպացի դիտորդների գնահատականներից` ի վերջո, «էլ չդիմանալով», ասաց. «Ես թքած ունեմ ձեր գնահատականների վրա, լավ, էս մարդկանց ո՞վ է ուղարկում Հայաստան, ո՞վ է սրանց ճանապարհների փողը տալիս...»: Մյուս կողմից, սակայն ՀԱԿ-ից եւս մեկ նոր պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ «անգամ եվրոպացի դիտորդներն ապշած են ընտրակեղծիքների ծավալներից, որոնց ականատեսն են եղել...»: Ի դեպ, պարզվում է նաեւ, որ իշխանությունները «ընտրակեղծիքների են գնացել Կոնգրեսի պատճառով»: Զուրաբյանը, մասնավորապես ասաց. «Հայ ազգային կոնգրեսի ուժից էր, որ իշխանությունը ստիպված գնաց այդպիսի կեղծիքների: Նրանց ամենամեծ սարսափը տեղի է ունենում, երբ Կոնգրեսը դուրս է գալիս նրանց դեմ, եւ խորհրդարանում ենք այդպես անելու, եւ փողոցում: Եւ խնդրում եմ ընդունել Կոնգրեսի այս փոքրիկ հաղթանակը»:
Եւ վերջապես, Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Զավենի Սարգսյանի ելույթներից հետո, որտեղ ենթադրելի էր, որ վերջիններս էլ են հրաժարվելու պատգամավորի մանդատից, ինչը նրանք դեռ կարող են անել ու ըստ ամենայնի` կանեն, ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանը : ՀԱԿ-ի առաջնորդը նախ ընդգծեց, որ «Ի դեմս ՀԱԿ-ի խմբակցության մենք ականատեսն ենք լինելու իրական պառլամենտարիզմից բխող գործողությունների», այնուհետեւ, եւս մեկ ընդգծմամբ հանդես եկավ, թե. «Եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հաղթել են այս ընտրություններում, ուրեմն հաղթել են սեփական ժողովրդին», եւ վերջապես, ասաց. «Կասկած չկա, որ ես իմ մանդատը վայր եմ դնելու: Իմ պատգամավորությունն իմաստ կունենար, եթե ՀՀԿ-ն կորցներ մեծամասնությունը կամ եթե Կոնգրեսը կազմեր մեծամասնություն: Բացի այդ, միջազգային ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում:
Պատգամավորական մանդատից հրաժարումը սակայն ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը: Թեեւ, գուցե անհամեստաբար ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը պետության եւ ժողովրդի առաջ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այս թշվառ վիճակում: Ուստի ես Կոնգրեսի կազմում ցանկացած կարգավիճակով շարունակելու եմ անել ամեն ինչ, հայ ժողովրդին քոչարյանասերական չարագործ ավազակախմբից ազատելու համար: Եվ, լավ իմացեք, թող Սերժն էլ լավ իմանա, հանրապետականներն էլ լավ իմանան, ես պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կբավարարեն իմ ֆիզիկական ուժերն ու որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից», հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Եւ վերջում, առաջին նախագահն ասաց. «Եվ այսպես, ես զգացված եմ, որ դուք այսքան լավ տրամադրություն ունեք: Ուստի, հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված ապօրինություններին, ձեր դեմ կատարված նվաստացումներին եւ ձեր արժանապատվության ամենօրյա ոտնահարումներին, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն եւ ձեր իրավունքի համար մինչեւ վերջ պայքարելու երկաթյա կամք՛»: Նա նշեց, թե լիովին հասկանում է քաղաքացիների զայրույթը, բայց չէր ցանկանա, որ այն փոխարինվեր «մաղձին եւ չարացածությանը»:
Տեր-Պետրոսյանը նշեց, որ իր փոխարեն խորհրդարանի մանդատը կվերցնի Հրանտ Բագրատյանը: «Դա ինձ համար եւ երախտիքի հատուցում է, եւ պատիվ», ասաց նա: