«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ

Մայիսի 7-ին թեհրանահայ համայնքը դիմավորեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետին` Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նրան պաշտոնապես հրավիրել էր Իրանի «Մշակութային կենտրոնի եւ Իսլամական միջազգային հաղորդակցության կազմակերպությունը»:

Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ Թեհրանի մարզամշակութային միությունների, եկեղեցիների ու ազգային տարբեր մարմինների հետ: Ամենուր Արամ Ա Վեհափառ հայրապետին դիմավորում էին հայերենով ու պարսկերենով գրված պաստառներով, որոնցում, սակայն, Արամ Ա Վեհափառի անունը, սխալմամբ թե միտումնավոր, շեշտվում էր որպես աշխարհի հայության կրոնական առաջնորդի:

1995 թվականից ի վեր Արամ Վեհափառը վեց անգամ այցելել է Իրան եւ ամեն անգամ այս նույն սխալը կրկնվել է:

Իրանահայության գիտակ անձինք բազմիցս զգուշացրել են պատկան մարմիններին, որ այդ անթույլատրելի սխալը չկրկնվի այլեւս, սակայն, դժբախտաբար, ընդունելությունը կազմակերպող որոշ անգետներ կա՛մ ականջալուր չեն եղել, կա՛մ միտումնավոր խառնաշփոթ եւ պառակտում են ուզում ստեղծել հայությանը համախմբող այս կարեւորագույն հարցում: Չէ՞ որ միշտ էլ, բոլոր պարագաներում ժողովուրդը Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջն է համախմբվել:

Ի՞նչ պետք է անել այս կապակցությամբ. այս հարցի լուծումը թողնում ենք մեր կրոնական ու պետական այրերին:

ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան, 10.05.2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4