Ադրբեջանում էլ «նշվեց» ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձը: Բաքվում, սակայն, վաղուց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթող չկա: Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիեւը «հարգանքի տուրք է մատուցել Հազի Ասլանովի հուշարձանին»: Հակաֆաշիստական տոնին, այսպիսով, հարեւան հանրապետության իշխող վարչախումբը դրսեւորել է ընդգծված ֆաշիստական կեցվածք: Նա առանձնացրել է Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացած` ազգությամբ ադրբեջանցուն: Այդ կերպ Իլհամ Ալիեւը պղծել է Ադրբեջանական ԽՍՀ-ից զորակոչված, բայց ազգությամբ ոչ ադրբեջանցի հարյուրհազարավորների հիշատակը:
Դա լիովին «տեղավորվում է» Ադրբեջանի պետական քաղաքականության «հայեցակարգի» շրջանակներում: Այն է` յուրացնել, ադրբեջանականացնել այն ամենը եւ բոլորին, որ ստեղծվել է Ադր. ԽՍՀ-ում, ովքեր գործել են այդ խորհրդային հանրապետության անունից: Պատահական չէ, որ 1987թ. դեռեւս խորհրդային Ադրբեջանում արգելվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան կանգնեցնել Դաշքեսանի շրջանի հայկական Բանանց գյուղում, իսկ Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում ավերվել է Փառքի թանգարանը:
Արդեն ղարաբաղյան օրերին Կիրովաբադում ջարդվել, ապամոնտաժվել է ԽՍՀՄ մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին: Նույն ճակատագրին է արժանացել ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Շուշիում: Փաստացի ջարդարարությանը հաջորդել է քաղաքականը: Նույնիսկ ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի տոնն է Ադրբեջանում «ազգայնացվում»: Մամուլի բազմաթիվ հրապարակումներում անընդմեջ շեշտվում է «ադրբեջանական նավթագործների հերոսական աշխատանքը, որի շնորհիվ ապահովվել է ռազմական տեխնիկայի սպառած վառելիքի շուրջ 80 տոկոսը»:
Կարծես թե Բաքվի նավթահանքերում միայն ադրբեջանցիներ են երեք հերթափոխով աշխատել: Ոչ մի խոսք այն տասնյակհազարավոր այլազգի մասնագետների մասին, որ Բաքու էին գործուղվել ԽՍՀՄ ամենատարբեր ծայրերից: Ոչ մի խոսք ռազմաճակատ մեկնած եւ իրենց հերոսությամբ պսակած այլազգիների մասին: Ոչ մի խոսք այն մասին, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արցախից գործող բանակ է զորակոչվել 44 000 հոգի` արական բնակչության կեսից ավելին: Նրանցից ուղիղ 22000-ը զոհվել է: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ վիճակագրության, Ադր. ԽՍՀ բնակչության ընդամենը 20 տոկոսն է ենթարկվել զորակոչի: Այդ է պատճառը, որ Արցախի բնակչությունը նախապատերազմական մակարդակին է հասել միայն... 1979թ., ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից երեքուկես տասնամյակ անց: Հայրենական մեծ պատերազմում ժողովրդագրական նման աղետի ենթարկվել են միայն ֆաշիստական օկուպացիայի մատնված ժողովուրդները:
Այս իմաստով մայիսի 9-ի տոնն Արցախի համար նաեւ ադրբեջանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն է խորհրդանշում: Ադրբեջանական իշխանությունների կողմից մայիսի 9-ին դրսեւորած ֆաշիստական վարքը դրա անառարկելի վկայությունն է:
Վ. Ա.