«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԳՅՈՒՄՐԻ. ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԵՆՔԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Ապրիլի 29-ից պաշտոնապես մեկնարկել են Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական աշխատանքները: Խոսքը վերաբերում է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երկրաշարժից վթարված նախկին շենքին, որը հատկացվել եւ վերակառուցումից հետո ծառայելու է այդ նպատակին: Շինարարության մեկնարկը տրվել է հանդիսավոր արարողությամբ, նաեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի համակարգող ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու «Դ-Լինկ ինտերնեշընլ» ընկերության միջեւ` այստեղ հետազոտությունների կենտրոնի հիմնադրման մասին:

Թե ինչ է տեխնոպարկը եւ ինչ է տալու իր երբեմնի տնտեսական ներուժը վաղուց կորցրած ու դրանից այդպես էլ ուշքի չեկող Գյումրուն, այստեղ նույնիսկ գործին առնչվողներից դժվար թե շատ մարդ կարողանա պատասխանել: Այդուհանդերձ, 2008 թ. հունիսի 12-ից ի վեր, երբ ՀՀ կառավարությունն իր արտագնա նիստում կայացրած որոշումներից մեկով հավանություն տվեց Գյումրին տեխնոքաղաքի վերածելու հայեցակարգին, ամեն տարի հաստատվել ու շրջանառվել են վերջինիս հիմնական բաղադրիչ տեխնոպարկի ստեղծման եւ գործունեության իրականացման կառավարական ծրագրեր ու միջոցառումներ, նախատեսվել եւ ծախսվել են բյուջեի միջոցներ: Իսկ այս տարի, անցած նախընտրական ապրիլ ամսվա ընթացքում, գործադիրը նույնիսկ երկու անգամ է անդրադարձել Գյումրու տեխնոպարկին, կայացրել երեք որոշում, այդ թվում հաստատել նրա գործունեության 2012 թ. ծրագիրը: Վերջինիս իրականացման համար հատկացվել է 163 մլն դրամ:

Կառավարության բնորոշմամբ, տեխնոպարկի ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրին` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները: Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր եւ միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ: Հաշվի առնելով մարզի կրթական եւ մշակութային առանձնահատկություններն ու այստեղ զբաղվածության ապահովման խնդիրը, կառավարությունը մտադիր է Գյումրի քաղաքում խթանել զբոսաշրջության, ՏՏ տեխնոլոգիաների, ճարտարագիտության, նորաձեւության, տեքստիլ արդյունաբերության, արվեստների, ոսկեգործության, արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացումը...

Պատասխանատուների հավաստմամբ, արդեն գործում են տեխնոպարկի գլխավոր օպերատոր «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի» մասնակցությամբ ստեղծված երկու ընկերություններ, ճարտարագիտական եւ հետազոտական լաբորատորիաներ: Անցկացվում է բիզնես գաղափարների մրցույթ, անցյալ տարի հաղթող ճանաչված 3 նախագծերը ֆինանսավորվել են: Դրանցից մեկը հիբրիդային` գազի եւ արեւային ջեռուցման համակարգի նախագծումն ու պատրաստումն է, որը, հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանի վկայությամբ, ապահովում է գազի ծախսի տարեկան մինչեւ 30 տոկոս խնայողություն: Մյուս երկուսը ոսկերչական եւ այլ ինդուստրիալ իրերի թվային նախատիպերի նախագծումն ու կոշտ նախատիպերի արտադրությունն է, գեղազարդ իրերի գեղարվեստական նախագծումը, եռաչափ մոդելավորումը եւ մոմից մոդելների պատրաստումն ու թողարկումը: Գյումրիում նորարարական գործարարությունը խթանելու նպատակով այս տարի մրցույթով կընտրվեն եւս մինչեւ 4 գաղափարներ կամ ծրագրեր, դրանց հեղինակների հետ կստեղծվեն համատեղ ընկերություններ:

Ըստ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության, տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների արդյունքով 2 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6300 քառ. մետր մակերեսով ամբողջական համալիր, որը, պահպանելով արտաքին պատմամշակութային տեսքը, կներառի տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային եւ ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման եւ գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, գործարար հանդիպումների համար նախատեսված սենյակներ: Գ. Պարոնյանի տեղեկացմամբ` այստեղ կարող է աշխատել մինչեւ 300-350 մարդ: Գյումրու այս տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման ծրագիրն իրականացվելու է հիշյալ նախարարության կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցով: Շենքի շիննորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարությանը Համաշխարհային բանկի կողմից «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» վարկային համաձայնագրի շրջանակում տրամադրվող միջոցներով: Շինարարությունն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Բաղրամյանշին» եւ «Ախուրյանի կոոպշին» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը` մոտ 1,7 մլրդ դրամ (4,4 մլն դոլար) պայմանագրային արժեքով:

Գյումրու Գայի փողոցում, տեխնոպարկի հիմնական շենքի հարեւանությամբ գտնվող նախկին մարզադահլիճն ու կից հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնվել են ցանցային սարքեր արտադրող աշխարհի հինգ խոշորագույն ընկերություններից մեկին` «Դ-Լինկ ինտերնեշընլ» ընկերությանը, որը ցանկություն է հայտնել այստեղ հիմնադրել ցանցային եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետազոտությունների ու մշակման կենտրոն: Ներդրումային ծրագրի համաձայն, կենտրոնի կառուցման համար ընկերությունը շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացնելու եւ ապահովելու է 50-70 աշխատատեղի ստեղծում: Ընկերության հետ ստորագրված երկարաժամկետ համագործակցության հուշագրի համաձայն նաեւ կապահովվի կառուցվող կենտրոնի փոխգործակցությունը Գյումրու տեխնոպարկի հետ, այն դարձնելով վերջինիս անբաժանելի մասը:

Տեխնոլոգիական կենտրոնի շենքի եւ հետազոտական կենտրոնի կառուցման համար ենթադրվող ներդրումների գումարը միասին կազմում է 13 մլն դոլար: Ըստ փորձագիտական գնահատման, տեխնոպարկի ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է եւս 40 մլն դոլարի ներդրում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4