Մեկնաբանելով նախագահական ընտրությունները Ֆրանսիայում
«Europe and Orient» (Եվրոպա եւ արեւելյան երկրներ) կազմակերպության եւ համանուն հանդեսի տնօրեն Վարուժան Սիրապյանը, մեկնաբանելով նախագահական ընտրությունները Ֆրանսիայում, Փարիզից հաղորդում է, որ ընտրությունների արդյունքները երբեք այդքան անորոշ չէին եղել այդ երկրում: «Սարկոզին 6 ամիս առաջ ընդամենը 16 տոկոս հնարավորությամբ սկսեց, եւ հստակ չէր, որ նա եզրափակիչ փուլ կհասնի, քանի որ քաղաքագետները ընդամենը 3-րդ տեղ էին նախատեսում նրանՙ Ֆրանսուա Օլանդից (սոցիալիստ) եւ Մարին Լը Պենից (ծայրահեղ աջակողմյան) հետո: Ապրիլի 22-ի առաջին փուլից հետո, սակայն, երկու թեկնածու էին մնացելՙ Սարկոզին եւ Օլանդը: Վերջին երկու շաբաթները չափազանց լարված էին, եւ երկու թեկնածուների հնարավորությունները գնալով մերձենում էին միմյանց:
Ֆրանսիայում թույլ չի տրվում սոցհարցումների տվյալներ հրապարակել վերջին 48 ժամերի ընթացքում, բայց համակարգիչների եւ սոցկայքերի ներկա ժամանակներում նման սահմանափակումը անիմաստ է թվում: Բելգիական եւ շվեյցարական կայքերը մայիսի 6-ինՙ ընտրատեղամասերի փակումից (ժամը 18.00-ին) ընդամենը մեկ րոպե անց հայտարարել են, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահը կլինի Ֆրանսուա Օլանդը ձայների 52 տոկոսով:
Ինչպես ակնկալվում էր, ժամը 20.00-ին Օլանդի նկարը երեւաց մեր բոլոր հեռուստատեսային կայանների էկրաններում որպես հաղթանակած թեկնածուի: Սարկոզին 20 րոպե անց ընդունելով իր պարտությունըՙ ելույթ ունեցավ ասելով, որ հաղթանակը թշնամի ճամբարինը չէ, այլ Ֆրանսիայինը, եւ մաղթեց, որ երկիրը պատվով անցնի իր առջեւ ծառացած փորձությունները:
Ֆրանսահայերը երկու մասի էին բաժանված: Դաշնակցությունը կոչ էր անում քվեարկել հօգուտ Օլանդի, ռամկավարներըՙ հօգուտ Սարկոզիի: Շառլ Ազնավուրը, Ալեն Թերզյանը, միանալով Ֆրանսիայի գրողներին, մտավորականներին եւ դերասաններին (ինչպես օրինակՙ Ժերար Դեպարդյեն), պայքարում էին հանուն Սարկոզիի:
Հիշեցնենք, որ երկու թեկնածուներն էլ ապրիլի 24-ին, իրարից անկախ, մասնակցեցին Փարիզումՙ Երեւանյան այգում կանգնեցված Կոմիտասի արձանի շրջակայքում անցկացվող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, երկուսն էլ հայտարարեցին, որ ընտրություններից հետո անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքը վավերացնելու ուղղությամբ», գրում է Սիրապյանը Փարիզից:
Հ. Ծ.