«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ «ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ...

Մեծ ջանքեր են անհրաժեշտ Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար: Եթե համեմատություն տանենք Ռուսաստանի Դաշնության հետ, ապա կտեսնենք, որ 142 միլիոնանոց Ռուսաստանում աղանդների թիվը հասնում է 700-800 հազարի: Սա նշանակում է, որ Ռուսաստանը բնակչության թվով մեզանից շատ է գրեթե 50 անգամ, իսկ աղանդավորների քանակով` երկու անգամ:

Աղանդավորները մարդկանց խմբեր են, որոնք չեն ընդունում ավանդական եկեղեցու դավանանքը եւ քարոզում են իրենց առաջնորդի «հորինած» հակաեկեղեցական գաղափարները: Այսօր աղանդավորական խմբերից մեզանում առավել տարածված են հիսունականները կամ հոգեգալստականները, Եհովայի վկաները կամ եհովականները, մորմոնները, բապտիստները: Սրանցից յուրաքանչյուրը վտանգ է սպառնում ոչ միայն մեր եկեղեցուն, այլ նաեւ վտանգավոր է ազգային անվտանգության եւ պետության հիմքերը խարխլելու տեսանկյունից: Հետեւաբար սրանք ոչ այլ ինչ են, քան վերահաս աղետ Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար: Ինչո՞ւ, քանի որ նրանք բոլորը հետապնդում են քայքայիչ, կործանիչ նպատակներ: Նրանց մարտավարությունը տարբեր է, բայց նպատակը` մեկը: Տարբեր են նաեւ նրանց սկզբնապատճառները, թե ե՞րբ ու ինչի՞ համար են առաջացել, ինչո՞ւ են դեմ մեր պետական կրոնին կամ ինչքանո՞վ են դեմ եւ ի վերջո ի՞նչ սկզբունքներ ունեն: Փորձենք պարզաբանել.

Օրինակ` բապտիստները առաջացել են 17-րդ դարում: Բողոքականության մի տարատեսակ են, որոնք մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:

Մորմոնները չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները` համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը: Այս աղանդը ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830-ին ԱՄՆ-ում:

Հիսունականները կամ հոգեգալստականները նույնպես առաջացել են ԱՄՆ-ում 19-20-րդ դարերում: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզչություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր` Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ եւ այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, խաչը, սրբապատկերները: Աղանդներից մյուսը Եհովայի վկաներն են կամ եհովականները: Այս «երեւույթների» մասին փորձեմ ավելի հանգամանալից խոսել, քանզի սրանք ավելի ակտիվ են այսօր մեր երկրում ու «չխնայելով» իրենց, նույնիսկ կորցնելով որոշակի մարդկային բարոյական արժեքներ, «քարոզներ» են անում ամենուրեք` երթուղայիններում, բակերում, առեւտրի կենտրոններում, մարդկանց բնակարանների դռներից ու պատուհաններից կախված: Նրանք այսօր վարում են ակտիվ զոմբիացման գործընթաց եւ ռոբոտացնում են մարդկանց, ընդ որում այն մարդկանց, ովքեր գտնվում են սոցիալական, նյութական, հոգեկան անկայուն վիճակներում: Այս պարագայում նրանք շատ արագ ազդում են իրենց «զոհերի» հուզական վիճակի վրա, փորձում են իրենց առաջնորդների անիմաստ գաղափարներով կամ իրենց փոփոխած «Աստվածաշնչի» միջոցով մխիթարել այդ անմեղ մարդկանց եւ գցել ծուղակը: Իհարկե, հոգեբանական այդքան ընկճված մարդուն անհրաժեշտ է բավարար ուշադրություն եւ լավ վերաբերմունք, ինչը այդ պահին նա ստանում է «հոգատար» Եհովայի վկայից: Այս մեթոդով աստիճանաբար սառեցնում են մարդու ուղեղը եւ դարձնում իրենց իսկ նման ռոբոտ, որոնք նույն ճանապարհը անցել են մեկ ուրիշի զոհը դառնալով: Այս աղանդը հիմնադրվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում 1872-ին Չառլզ Ռասելի կողմից: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված եւ նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում սուրբ հոգուն իբրեւ Աստծու, մերժում են սուրբ խաչը, մկրտությունը: Ըստ եհովականների` երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, եւ Եհովայի ու սատանայի ճակատամարտի հետեւանքով մարդկությունը կկործանվի իսկ եհովականները կմնան, եւ երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը: Իհարկե, այս ամենը խեղկատակություն է, սակայն ոչ բոլորս ենք գիտակցում դա եւ, ցավոք, բռնում ենք մոլորության ուղին: Հետեւաբար պետք է լինել աչալուրջ եւ տեղեկացված, թույլ չտալ ոչ մի աղանդավորական շարժման ներթափանցումն ու տարածումը: Կարծում եմ, որ այս հարցում անհրաժեշտ է նաեւ որոշակի սահմանափակումներ դնել խոսքի եւ խղճի ազատության վրա: Բայց, այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է թույլ չտալ նմանօրինակ զեղումներ, որը կթուլացնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու, ինչպես նաեւ պետության հիմքերը: Իսկ մեզ, վստահ եմ, պետք է ուժեղ Հայաստան: Դրա համար միայն թղթի վրա գրելը քիչ է, պետք է եկեղեցին մոտեցնել ժողովրդին, շատ աշխատել մարդկանց հետ եւ հեռու պահել աղանդները մեզանից, որոնք իրենց բիզնես ծրագրերով եւ քայքայիչ միտումներով ուղղված են պետության դեմ: Պետք է հստակ պատկերացնել, որ աղանդավորական շարժումների մեջ չկա ավելի մեղմ աղանդ կամ ավելի գեղեցիկ աղանդ, սրանք բոլորն էլ քայքայիչ են ու վտանգավոր, ուստի մեզանից յուրաքանչյուրի համար գերխնդիր պետք է լինի աղանդներին իրենց իսկական տեղը ցույց տալը եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու արժանի զավակը լինելը:

ՍՏԱԼ ՍԱՐԴԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4