«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 9-ին Պրահայի Օլշանսկի գերեզմանատան Անհայտ զինվորի հուշահամալիրում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին Չեխիայի նախագահի վարչակազմի, խորհրդարանի եւ կառավարության բարձրաստիճան ղեկավարներ, զինվորականներ, ինչպես նաեւ Չեխիայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ: Հայաստանի Հանրապետության անունից ծաղկեպսակ դրեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը : Հետաքրքրական է, որ արդեն երկու տարի անընդմեջ այս միջոցառմանը հրաժարվում է մասնակցել Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունը: Ըստ երեւույթին ադրբեջանական կողմն այս հարցում նույնպես տառապում է երկակի բարդույթով: Նախ, որ հայերն այս օրերին տոնում են Շուշիի ազատագրումը եւ Արցախի բանակի կազմավորումը, եւ երկրորդ, ըստ մեր աղբյուրների, նրանց չի գոհացրել այն հանգամանքը, որ լատինական այբուբենի համաձայն հուշարձանին ծաղկեպսակ պետք է դնեն նախ հայերը, հետո իրենք: Ամեն դեպքում, Հայաստանի դեսպանի եւ հյուպատոսի կողմից ծաղկեպսակի զետեղումից հետո հնչեց Հայաստանի օրհներգը:

Օգտվելով առիթից, Հայաստանի դեսպանին խնդրեցինք մեկնաբանել օրվա խորհուրդը: «Այսօր ոչ միայն տոնում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում նախկին խորհրդային ժողովուրդների տարած մեծ հաղթանակը, այլեւ Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակները: Հին ու նոր հաղթանակները տոնում ենք նույն զգացումով ու հպարտությամբ», ասաց դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Օրեր ամսագիր», Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4