Նյու-Յորքից վաստակաշատ լրագրողուհի Ֆլորենս Ավագյանն այս անգամ իր ապրիլի 26-ի հոդվածում անդրադարձել է ANSEF-ի գործունեությանը: Ստորեւՙ համառոտ քաղվածքներ այդ հոդվածից:
ANSEF-ը կամ հայերեն տարբերակով ԳԿՀԱՀ-նՙ Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը, գործում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանավորության ներքո եւ ֆինանսական ու նյութական այլ միջոցներով փորձում է խթանել Հայաստանում տարվող գիտահետազոտական աշխատանքներն ու տեխնոլոգիական առաջընթացի քայլերը:
«Նրա առաքելությունն է պահպանել Հայաստանի ինտելեկտուալ հասարակությունըՙ պարգեւներ շնորհելով գիտության եւ տեխնոլոգիայի ասպարեզում աչքի ընկնող հետազոտությունների հեղինակներին», հեռախոսային խոսակցության ժամանակ նշել է ANSEF-ի հիմնադիրներից եւ դրա վարչական ու հետազոտական խորհրդի նախագահ դոկտ. Երվանդ Թերզյանը , որը դասավանդում է Կոռնել համալսարանի աստղագիտության եւ տիեզերաբանության ֆակուլտետում: Թերզյանը ծնվել է Ալեքսանդրիայում եւ հեղինակ է ավելի քան 230 գիտական հոդվածների: Նրա հավաստմամբՙ իր գոյության 12 տարիների ընթացքում ANSEF-ը ընդհանուր առմամբ 1,4 միլիոն դոլար է շնորհել մի շարք գիտահետազոտական ոլորտի մասնագետների, որպեսզի նրանք կարողանան շարունակել իր ուսումնասիրությունները եւ չբռնեն արտասահման գաղթելու ճանապարհը:
ANSEF-ը դրամահավաք է կազմակերպում Մ. Նահանգներում եւ ընտրում համապատասխան արժանի թեկնածուներին: Առաջին տարում ներկայացված 86 թեկնածուներից 26 տոկոսը ստացել է դրամաշնորհ: Ներկայումս թեկնածուների թիվը անցնում է 200-ը: Ընտրությունը կատարվում է ամերիկացի եւ ամերիկահայ ականավոր գիտնականների կողմից, որոնք շաբաթական հանդիպումներում քննարկում են ներկայացված դիմումնագրերը:
«Անցյալ 12 տարիների ընթացքում լուրջ գիտական հոդվածներ են տպագրվել աշխարհի ավելի քան 700 գիտական հանդեսներում», ավելացրել է դոկտ. Երվանդ Թերզյանը: Դրանցից 49 տոկոսը ֆիզիկայի բնագավառին են պատկանում, 28 տոկոսըՙ բնական գիտությունների, իսկ 15 տոկոսըՙ ճարտարագիտական»:
«Բնական ռեսուրսներից զուրկ Հայաստանը ամենաշատը կարիք ունի պահպանելու իր մտավոր ռեսուրսը», ավելացրել է դարձյալ ANSEF-ի հիմնադիրներից, Բոստոնի համալսարանի նախկին նախագահ դոկտ. Արամ Չոպանյանը : «Դրանով է, որ մենք կարողանալու ենք կասեցնել ուղեղների հոսքը դեպի արտասահման»:
ANSEF-ը պատրաստվում է սեպտեմբերին Երեւանում նշել իր հաջողությունների 12-ամյա տարեդարձը:
Հ. Ծ.