Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը:
Առանձին տաղավար ուներ նաեւ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները:
Ներկաները բոլորն էլ տպավորված էին թե ՆԱՄ կենտրոնի սաների աշխատանքներով եւ մյուս տաղավարներով:
Միջոցառման ընթացքում հորդ անձրեւ սկսվեց, ինչը, սակայն, չփչացրեց հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, եւ միջոցառումն ընթացավ իր բնականոն հունով:
«Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) Շուշիի մասնաճյուղը գործում է 2006թ. սեպտեմբերից: Արդեն ավելի քան 5 տարի է` Նարեկ Հարությունյանի ջանքերով կենտրոնում գործում են գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, ձեռագործության, ասմունքի, պարի, թատերական, փայտի փորագրության եւ այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա: ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժման համար, ինչի շնորհիվ հաշմանդամ արվեստագետներն ու արվեստասերները հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր միջոցառումներին: Իրականացվում են մի շարք ծրագրեր, միջոցառումներ թե՛ կենտրոն հաճախող երեխաների, թե՛ ՀՀ-ից եւ արտերկրից ժամանած արվեստագետների մասնակցությամբ:
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը իր կարեւորագույն դերն է կատարում շուշեցի երեխաների առօրյայում` մեծ ներդրում ունենալով նաեւ ողջ Արցախի հանրապետության մշակութային կյանքի զարգացման գործում:
Պատասխանատու` ԱՐԵՎԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ