«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ ուղիղ քսան տարի առաջ ազատագրվեց հինավուրց Շուշին, մայրաքաղաքի փողոցներից մեկում, գետնի վրա` ասֆալտին «ինչ-որ մեկը» կամ «մի խումբ», նկարել է Ադրբեջանի պետական դրոշը:

Մենք դեռ կխոսենք, թե այս իրադարձությունը ինչ «քաղաքականա-հոգեբանական» վերլուծության հիմք է հանդիսացել ադրբեջանցի վերլուծաբաններից մեկի համար, առայժմՙ մեկ-երկու այլ դիտարկումներ:

Ո՞ւմ է պետք նկարել ադրբեջանական դրոշը մեր փողոցում: Ավելի ճիշտ` ո՞վ դա կարող է անել: Հիշեցնենք, ամիսներ առաջ տեղեկատվական ցանցում հայտնվեց մի լուր, թե մայրաքաղաքի փողոցներում նկատել են Ադրբեջանի պետական համարանիշներով մեքենա... Եթե շատ տուրք տանք անհավանականության տեսությանը, ապա մի՞թե հնարավոր չէ, որ ոմն ադրբեջանցի, ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայով, ասենք, Իրանի տարածքով ամիսներ առաջ մտել է Հայաստան, մեր երկրում «որոշ գործողություն ծավալել», գուցե գործընկերներ ձեռք բերել, եթե չի ունեցել, ու ահա մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը փողոցում նկարել իր երկրի դրոշն ու հեռացել:

Չնայած մենք սա որպես անհավանականության տեսություն ենք ներկայացնում, բայց մի՞թե սա հնարավոր չէ: Տեսեք, ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկում Իրանից ու Թուրքիայից, Իրանի ու Թուրքիայի անձնագրերով ազգությամբ ադրբեջանցու ներթափանցումը մեր երկիր. ոչ ոք: Արդյոք այս երկու իրադարձությունները չե՞ն մտահոգում մեր ազգային անվտանգությանն ու ուժային կառույցներին առհասարակ, քանի որ հարցն անմիջականորեն նրանց իրավասության տակ է, եւ վերջապես, ո՞ւմ է պետք նկարել ադրբեջանական դրոշը մեր փողոցում եւ կամ ո՞վ դա կարող է անել: Հա՞յը, կրկին «անհավանականության տեսությունից» ելնելով, նկատենք, որ հնարավոր է: Բայց միայն այն պարագայում, երբ այս հայ մարդը այնքան է հոգնել իրականությունից, սեփական վիճակից, ու այնքան է լսել համեմատություններ ՀՀ քաղաքացու դրության ու ադրբեջանա-թուրքական ցեղասպանությունների միջեւ, որ ահա մարդը որոշել է նկարել ադրբեջանական դրոշն ու այդպիսով ցուցադրել իր դիրքորոշումը` «Սա Ադրբեջանն է», կամ` «Դուք Ադրբեջանից վերան եք»:

Բայց սա այսպես կարող էր լինել որեւէ այլ օր, բացի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերից. Ադրբեջանի դրոշի «երեւանյան ցուցադրությունը» Շուշիի ազատագրման օրը կանխամտածված քայլ է, անհայտ մեկ կամ անհայտ խմբի կողմից: Սա հստակ դիտավորություն է կամ հենց ադրբեջանցու, կամ ադրբեջանական կազմակերպությունների հետ աշխատողի(ների) կողմից: Ու եթե սա այսպես է, ուրեմն իրադարձությունն այս չի կարող անարձագանք մնալ:

Օրեր առաջ մանկապարտեզներից մեկում մի փոքրիկ տղա կարմիր, սպիտակ ու կապույտ կավիճներով գետնին նկարեց Ֆրանսիայի դրոշը, այդ օրից մի քանի օր առաջ Ֆրանսիայի Սենատը քրեական պատիժ էր սահմանել Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայում հերքողների համար: Հետեւաբար փոքրիկ տղայի նկարը հասկանալի էր: Սակայն ադրբեջանական դրոշը Բաքվի քամիներն են անգամ ցած գցում, ուր մնաց հասկանանք նրանց ներկայությունը Երեւանում:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի վերլուծաբանի` «քաղաքականա-հոգեբանական» վերլուծությանը, ապա նշենք միայն, որ Vesti.az-ի մեկնաբանը հանգել է հետեւյալ եզրակացության. «Ադրբեջանական դրոշի պատկերը Երեւանի փողոցում ցույց է տալիս, որ Հայաստանում խելամիտ մարդկանց թիվն աճել է»: Փաստորեն, երբ ադրբեջանական քաղաքների օդանավակայաններն ու կայարանները չեն ընդունում մարդկանց, որոնք հայկական ծագում ունեն, սա միայն ցույց է տալիս, որ Ադրբեջանում խելամիտ մարդիկ չկա՞ն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4