Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցման արդյունքները: 3-րդ անգամ անընդմեջ բոլորից շատՙ 798 ձայն է ստացել Հենրիխ Մխիթարյանը: Հարցմանը մասնակցել են 1555 ֆուտբոլասերներ: Կասկած չկա, որ նրանց մեծամասնությունը Հայաստանից են, որոնք երկրպագում են Մխիթարյանին: 2-րդ տեղում թիմի պաշտպան Յարոսլավ Ռակիցկին էՙ 234 ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի Ալեքս Տեյշեյրանՙ 196:
Հիշեցնենք, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար ինտերնետային հարցման արդյունքներին գումարվում են նաեւ ակումբի վետերանների եւ մարզական լրագրողների միջեւ անցկացված մրցույթում վաստակած միավորները:
Իսկ ահա «Սպորտ էքսպրեսի» անցկացրած հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ապրիլ ամսվա ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա վաստակել է ձայների 28,54 տոկոսը: Լավագույնն է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը (28,64 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» վարձավճարով հանդես եկող Անդրեյ Արշավինը (21,24 տոկոս):
Ի դեպ, Դոնեցկի «Շախտյորը» ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է որպես աշխարհում ամենաառաջադիմող ակումբ: Այդ փաստը վկայող հատուկ հավաստագիր է հանձնվել ակումբի տնօրեն Սերգեյ Պալկինին: 2-րդ տեղում «Վիլյառեալն» է, 3-րդըՙ «Սեւիլիան» է: