Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելը նպաստեց Ադրբեջանի առավել ցինիկ վարքագծի դրսեւորմանը
Երբ Ադրբեջանը դառնում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կողմ արտահայտվողների զգալի մասն իր երկրի դիրքորոշումը փորձում էր հիմնավորել այն մոտեցմամբ, թե նման տեղում հայտնված երկրում առավել ուշադիր ու հետեւողական կլինեն մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, ավելին, Ադրբեջանը ստիպված կլինի իրեն դրսեւորել որպես ժողովրդավարության ձգտող ու կայացման ճանապարհ անցնող մի պետություն:
Թերեւս հենց Ադրբեջանի անդամության հարցում այսպիսի բացատրությամբ կողմ արտահայտվող երկրներն, առաջին հերթին, պետք է պատասխանատվության իրենց բաժինն ընդունեն այն ամենում, ինչ հիմա կատարվում է հարեւան երկրում, որտեղ առավել ժողովրդավարական լինելը հասկացել են բողոքի ակցիաները ճնշելու, լրագրողներին ծեծելու, բանտարկելու, կոռուպցիոն ծաղկուն շրջանում ներիշխանական հարցերը գրեթե հրապարակավ լուծելու տարբերակով: Իսկ «Եվրոտեսիլի» մրցույթին ընդառաջ աշխարհի տարբեր լրատվամիջոցներով Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի մասին հրապարակումները եւս մեկ անգամ ապացուցում են ՄԱԿ-ում նման երկրի նման կարգավիճակ ունենալու անհեթեթությունը:
Ամեն դեպքում, բնավ էլ անսպասելի չէ, որ որոշ «պարզամիտների» թեթեւ ձեռքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձած Ադրբեջանն արդեն ամենայն ակտիվությամբ փորձում է օգտագործել այդ, ներող եղեք նման ձեւակերպման համար, հարգված ամբիոնը` սեփական անհեթեթություններն ու ստերը տարածելու նպատակով:
Դեռեւս մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը, մոռանալով, որ խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից, ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ԱԽ նիստին հերթական անգամ պտտեցրել է «փախստական, գրավված տարածքներ» ադրբեջանական ձայնապնակը: Հայաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարությամբ խորին ափսոսանք էր հայտնել Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների ու անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթի առնչությամբ:
«Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների», ասվում էր ԱԳՆ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ցինիզմի առանձնահատուկ դրսեւորում է որակվել Հայաստանի հանդեպ սին մեղադրանքների հնչեցումը մի երկրի կողմից, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմ, մի երկրի, որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճովՙ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջեւ, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները»: Այս հայտարարությունն արդեն երեկ, որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ՄԱԿ-ում պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ:
Իսկ արդեն մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց էր կացվում Ադրբեջանի նախագահության ներքո ու, հերթական անգամ, առիթ է դարձել ադրբեջանական ներկայացուցիչների` ՄԱԿ-ի հարթակներին ոչ սազական վարքագծի դրսեւորման համար: Նախագահողը փորձել է չարաշահել իր դիրքը` մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները:
ԱԽ անդամ երկրների ճնշմամբ ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին: Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը: Նազարյանը լուրջ մտահոգություն է հայտնել, որ միջազգային կառույցները հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից:
Դեսպանը նաեւ հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ: Նազարյանը նաեւ հիշեցրել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապը «Ալ Ղաիդային» հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90-ականների սկզբին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ