«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2012-05-09 | #84, 2012-05-11 | #85, 2012-05-12


«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

Միացյալ Նահանգներում գործում են շուրջ 100 թուրքական կամ թուրք-ամերիկյան այսպես կոչված քաղաքացիական հասարակության կազմակերպություններ: Սրանց գործունեությունը համակարգում է «Թուրքական ֆորումը», որին էլ պետական տարբեր կառույցների միջոցով վերահսկում է Թուրքիայի արտգործնախարարությունը: Կան նաեւ բազմաթիվ կայքեր, ինչպես ասենք, Turkishny-ն, որը առանձնակի ակտիվությամբ, ինչպես նաեւ ընդգծված հայատյացությամբ դարձել է ԱՄՆ թուրքական համայնքի եւ համանուն կազմակերպությունների չարանենգ ու ստոր խոսափողը:

Երեկ այս կայքէջը «Հայկական սփյուռքը թունավորում է նաեւ երեխաներին» վերնագրով հրապարակել էր մի նյութ, որտեղ որպես թունավորման միջոց մատնացույց է արվում ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 97-րդ տարելիցի առթիվ Միչիգանի դպրոցներից մեկում «Ցեղասպանություն» թեմայով կազմակերպած շարադրության մրցույթը եւ ավելացնում, որ այս մրցույթը արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում:

Կարդալով այս տողերըՙ ակամա հիշում ես այս տարի փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում պետականորեն կազմակերպված Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքի, դրա հարյուրհազարանոց մասնակիցների բարձրացրած «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ բազում ցուցապաստառների, ինչպես նաեւ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ իրենց հիացմունքն արտահայտելու համար սպանության պահին վերջինի կրած սպիտակ բերետը իրենց գլխին հագցնելու մասնակիցների արարքի մասին:

Եթե ցեղասպանության հետեւանքը հանդիսացող սփյուռքի թուրքական պետության եւ հասարակության համատեղ ջանքերով խոշտանգված մեկուկես միլիոն նախնիների հիշատակին ընդամենը մեկ դպրոցում կազմակերպված մրցույթը երեխաների թունավորում է, ապա Ստամբուլում պետականորեն կազմակերպված հայատյաց հանրահավաքը, առավել եւս դրա մասնակիցների «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներն ու մարդասպանի նկատմամբ անզուսպ հիացմունքն էլ պետք է համարվեն «լուսավորում»:

Ըստ երեւույթին, ԱՄՆ-ի թուրքական համայնքի չարանենգ խոսափող Turkishny կայէջքը այդպես է կարծում, որ երեխաներին թունավորելու մեջ մեղադրում է սփյուռքին կամ էլ այլ ժողովրդին հրապարակավ վիժվածք անվանելը համարում է շատ փառապանծ թուրք ազգի գլխավոր արժանիքը, իսկ հանրահավաքըՙ Ստամբուլի պարծանքը: Եթե ցեղասպանություն իրագործած թուրք ազգը փառապանծ է եւ Ստամբուլն էլ համաշխարհային մշակույթի մայրաքաղաք, ուստի վիժվածքների հանրահավաքն էլ պետք է փառքի դափնեպսակ լինի ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի համար:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4