Թե ինչ սկզբունքով է կազմվել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակն ու ինչու «Ժառանգության» ամենակարկառուն դեմքերին կուսակցապետը մեծամասնականով առաջադրեցՙ հստակ իմանալով, որ նրանք չեն կարողանա պայքարել փող ու պետական լծակներ ունեցող իշխանական թեկնածուների դեմ, այդպես էլ հայտնի չդարձավ: Ինչեւէ, խորհրդարան անցած «Ժառանգություն» խմբակցությունում չի լինի կուսակցության ծանր հրետանինՙ Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Դրա փոխարեն «Ժառանգության» ցուցակով խորհրդարան կանցնեն նախկին ՀՀՇ-ականներ, այսօր արդեն «Ազատ դեմոկրատներ» Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու նախկին դաշնակցական, այսօր արդեն ժառանգական Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգության» նախկին թիմից խորհրդարան են անցել երկուսըՙ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը, սակայն երեկ տարածված լուրերի համաձայն Զարուհին պատրաստվում է կամ նրան պարտադրում են հրաժարվել մանդատից: Ըստ լուրերի, վիճաբանություն է եղել Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, պատճառը հակասություններն են: Թեպետ «Ժառանգության» որոշ անդամներ երեկ հերքում էին, որ Փոստանջյանի եւ Հովհաննիսյանի միջեւ հակասություններ կան, սակայն հրաժարվում էին մեկնաբանելուցՙ Զարուհին հեռանո՞ւմ է, թե՞ ոչ:
«Նման որոշում չկա: Ես տեղյակ չեմ: Այդ հարցն ուղղեք Զարուհի Փոստանջյանին», ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Զարուհի Փոստանջյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել:
Եթե Փոստանջյանը հեռանա, «Ժառանգությունը» կկորցնի իր գլխավոր զենքերից, կարեւորագույն դեմքերից մեկին, քանի որ շատերը «Ժառանգությունը» ճանաչում են Զարուհու միջոցով: Հետեւաբար, կուսակցության համար մեծ կորուստ կլինի նրա հեռացումը: Եթե Փոստանջյանն իսկապես պատրաստվում է հեռանալ, ապա պետք է ենթադրել, թե որքան լուրջ են եղել հակասությունները կուսակցապետի հետ, որ լուրջ փորձությունից ու քաղաքական պայքարից հետո Զարուհին հրաժարվում է մանդատից: Եթե լուրերը հաստատվեն, որ Փոտանջյանին ստիպում են հրաժարվել մանդատից, ապա «Ժառանգություն»-ը գոյության հետ կապված լուրջ խնդիրների առաջ է կանգնած:
Հատկանշական է նաեւ, թե ում է բաժին հասնելու մանդատը Փոստանջյանի հեռացումից հետո:
«Ժառանգության» ցուցակի վեցերորդ հորիզոնականում Թեւան Պողոսյանն է: Թեպետ նա ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, սակայն նրա անունը կապվում է իշխող կուսակցության հետ: Համենայն դեպս հայ-թուրքական արձանագրությունների ընթացքում եւ արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերի վերաբերյալ Թեւան Պողոսյանը ոչ միայն որպես վերլուծաբան, այլեւ իր ղեկավարած «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» միջոցով, պաշտպանել եւ գովերգել է իշխանությունների նախաձեռնությունները: Զարմանալի է իշխանության պաշտպանի ընդգրկումը ոչ թե իշխանական, այլ իշխանությանը քննադատող կուսակցություն, խիստ տարօրինակ էր ու ոչ համոզիչ: Պողոսյանը հայ-թուրքական արձանագրությունների հաստատման ջատագովներից էր, իսկ «Ժառանգությունը» Դաշնակցության հետ մասնակցում էր «Ոչ»-ի հանրահավաքներին: Հետաքրքրական է, որ Զարուհու հրաժարականից հետո, որպես «Ժառանգություն», Րաֆֆի Հովհաննիսյանը կմնա միայնակ ու եթե խորհրդարանում հայտնվի Պողոսյանը, «Ժառանգությունը» կվերածվի տարբեր կուսակցությունների ներկա եւ նախկին անդամներից եւ համակիրներից բաղկացած կոկտեյլիՙ «Ժառանգություն», Դաշնակցություն, ՀՀՇ-ՀԱԿ եւ ՀՀԿ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ