ԻԱՖԱ ընկերության հրավերով Հայաստան է ժամանել 1990-ի աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ եւ ռմբարկու, իտալացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին: Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցում Սկիլաչին հանդիպեց լրագրողներին:
ԻԱՖԱ ընկերության ղեկավար Արմեն Բարխուդարյանը տեղեկացրեց, որ զբաղվում են ֆուտզալի մրցաշարերի կազմակերպմամբ, գործունեությունը հիմնականում ծավալում են Մոսկվայում: Մայիսի 9-ին Սկիլաչիի հետ այցելել են Արցախ, որտեղ անվանի ֆուտբոլիստը մասնակցել է ֆուտզալի սիրողական մրցաշարի բացման արարողությանը, թիմի կազմում նաեւ գոլ է խփել:
Սկիլաչին ընկերոջ հետ եղել է Ստեփանակերտում, Հադրութում: Նրանց շատ է դուր եկել մեր գինին ու խորովածը: Իսկ հյուրասիրության ժամանակ Սկիլաչին բաժակ բարձրացնելով ասել է. «Ավելի լավ է հանդիպել ֆուտբոլի խաղադաշտում, քան զենքով դուրս գալ մարտի դաշտ»: Արմեն Բարխուդարյանը տեղեկացրեց նաեւ, որ Ատեփանակերտում օգնություն են ցուցաբերել հաշմանդամ ազատամարտիկներին:
Սալվատորե Սկիլաչին նշեց, որ մինչեւ Հայաստան ժամանելը հայկական ֆուտբոլի մասին ոչ մի պատկերացում չուներ: Նրա այժմյան կարծիքով, ֆուտբոլն ու ընդհանրապես սպորտը Հայաստանում առաջընթաց են ապրում: Սկիլաչին տեղյակ է, որ հոկտեմբերին Երեւանում մրցելու են Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականները: Նա ցավով նշեց, որ հնարավորություն չի ունենա ներկա գտնվելու այդ հանդիպմանը: Սկիլաչին կարծում է, որ այդ խաղում իտալացիների համար հեշտ չի լինի, քանի որ Հայաստանի հավաքականը շատ է ուժեղացել, իսկ Իտալիայի ընտրանիում ներկայումս մեծ թիվ են կազմում նորեկները: Այնպես որ բարդ խաղ է լինելու:
Սկիլաչին հաճույքով անդրադարձավ 1990-ի աշխարհի առաջնությանը. «Աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը հեքիաթային հաջողություն էր: Այն ժամանակ մենք շատ ուժեղ կազմ ունեինք: Հավաքականում խաղում էին համաշխարհային ֆուտբոլի «աստղեր» Բաջիոն, Մանչինին, Վիալին, Բարեզին: Ինձ համար շատ դժվար էր միանգամից հայտնվել աշխարհի առաջնությունում ու արդյունավետ խաղ ցուցադրելՙ 6 գնդակով ճանաչվելով լավագույն ռմբարկու, ինչպես նաեւ դառնալ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ»:
Սկիլաչիի համար հեշտ չի եղել ֆուտբոլից հեռանալը, որը նրանից շատ ջանքեր է խլել: Զբաղվել է տարբեր գործերով, մի պահ նույնիսկ դերասան է եղել: Արդեն 10 տարի է, ինչ Պալերմոյում գործում է Սկիլաչիի ֆուտբոլի ակադեմիան, որը կրում է անվանի ֆուտբոլիստի անունը: Նա չբացառեց, որ հետագայում հնարավոր է համագործակցություն հաստատվի Հայաստանի հետ:
Սկիլաչին անդրադարձավ նաեւ անձնական կյանքին. «Ես երբեք կազմակերպված չեմ ապրել: Առաջին ամուսնությունից 2 երեխա եմ ունեցել, հետո եւս մեկ երեխա ունեցա պատահական ծանոթությունից: Հունիսին պատրաստվում եմ կրկին ամուսնանալ: Նա խոսում է իմ խառնաշփոթ կյանքի մասին: Իհարկե, այդ առումով ինձնից ավելի հետաքրքրական դեմքեր էլ կան»:
Սկիլաչիին առաջարկեցին համեմատել Մեսիին ու Մարադոնային. «Նրանք տարբեր ժամանակաշրջաններում են խաղացել, ուստի դժվար է համեմատել: Խաղացել եմ Մարադոնայի դեմ ու լավ գիտեմ նրա որակները: Նա մեծ ֆուտբոլիստ է: Մեսին երիտասարդ է ու նրան մեծ ապագա է սպասվում: Նա աճում է որպես նոր Մարադոնա: Նա այդ ճանապարհին է ու դեռ շատ անելիքներ ունի»:
Սկիլաչին բարձր է գնահատում Եվրո-2012-ում Իտալիայի հավաքականի հնարավորությունները: Թեեւ հավաքականում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են, սակայն իտալական դպրոցը շատ ուժեղ է ու միշտ էլ լավ կադրեր է տալիս: