«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2012-05-09 | #84, 2012-05-11 | #85, 2012-05-12


ԽԱՂԱՂ ՄԵԿՆԱՐԿ

Երեկ Մոսկվայի Տրետյակովի պատկերասրահում միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանի գլխավորությամբ տրվեց Անանդ-Գելֆանդ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի մեկնարկը: Նման մրցախաղ Մոսկվայում անցկացվում է 27 տարվա ընդմիջումից հետո: Մեկնարկային տուրի 1-ին քայլն Անանդի փոխարեն կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Առաջին պարտիան 24-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Մրցախաղի երկրորդ պարտիան կկայանա այսօր, որում սպիտակներով կխաղա Գելֆանդը:

Աշխարհի նոր չեմպիոնին որոշելու համար դասական շախմատի 12 պարտիա կանցկացվի: Վերջինը կկայանա մայիսի 28-ին: Ոչ-ոքի արդյունքի դեպքում մայիսի 30-ին մրցակիցները լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն: Նախ արագ շախմատի 4 պարտիա կանցկացվի: Եթե դրանք էլ չորոշեն հաղթողին, Անանդն ու Գելֆանդը իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային խաղում:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն եվրո է: Այդ գումարի 60 տոկոսը կստանա հաղթողը, եթե հաջողության հասնի հիմնական մրցախաղում: Իսկ եթե չեմպիոնը որոշվի լրացուցիչ մրցախաղում, գումարը կբաշխվի 55:45 հարաբերությամբ:

Բուքմեյքերները մրցախաղում հաղթողի գլխավոր հավակնորդ են համարում աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Նրա հաղթանակի գործակիցը 1,4 է: Ոչ-ոքին գնահատվում է 5,5 գործակցով: Իսկ Գելֆանդի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 6,2 գործակցով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4