Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանինՙ նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:
Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Թե հանդիպումների օրակարգում հատկապես ի՞նչ հարցեր կքննարկվեն` չի մանրամասնվում: Այդուհանդերձ, նշենք, որ ՆԱՏՕ-ի 25-րդ գագաթաժողովից առաջ, որ տեղի կունենա Չիկագոյում մայիսի 20-21-ին, Ռուսաստան այցելությունը կարող է առնվազն երկկողմ` հայ-ռուսական ձեւաչափով որոշակի թեմաների քննարկման հնարավորություն լինել` հաշվի առնելով մեր տարածաշրջանում տիրող իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային հարցերը:
Իսկ այս ամենը կարեւորվում է «Ազգի» այն տեղեկությամբ, որ Հայաստանի նախագահը եւս մասնակցելու է Չիկագոյի գագաթաժողովին, որի շրջանակներում, ի շարս Աֆղանստանի, Կոսովոյի, Աֆրիկյան միության եւ այլ հարցերի, կանդրադառնան նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան, ՆԱՏՕ-Վրաստան եւ ՆԱՏՕ-Ուկրաինա թեմաներին` ներառելով նաեւ հարավկովկասյան տարածաշրջանը: