«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ «ԴԱՆԴԱՂ ՄԱՀԸ»

Անտերության մատնված եւ ոչ մի շինություն հավերժ կանգուն մնալ չի կարող, քանի որ տեր չունենալը նշանակում է նաեւ երբեւէ «չբուժել վերքերը»: Վրաստանում հայկական եկեղեցիների այդպես էլ «վիճահարույց» կարգավիճակը կամաց-կամաց գետնում է եկեղեցիների` արդեն իսկ տասնամյակների անխնամ վիճակից թուլացած ու կիսականգուն պատերը, ավերվում ու պատմության գիրկն են անցնում ոչ միայն եկեղեցական ճարտարապետության եզակի նմուշները, այլեւ դրանցով պայմանավորված թիֆլիսյան հայկական իրականության ապացույցներն ու իրողությունները:

Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում փլուզվելով առանց զանգակատան է մնացել Սերեբրյաննի փողոցի հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի ունեցած հրդեհը «անտաղանդ» ու առնվազն փնթի, ոչ պրոֆեսիոնալ ձեւով մարելու հետեւանքով առանց այդ էլ մնացել էր 3 սյուների հույսին: Փլուզման հետեւանքով վնասվել է հարակից բնակելի մեկ շինություն, բայց բարեբախտաբար զոհեր, տուժածներ չկան:

Հայկական եկեղեցին, որ առանց այդ փլուզման էլ վթարային էր, միակ շինությունը չէ, որ այդ օրը փլուզվել է Թբիլիսիում, քանի որ անընդմեջ անձրեւների հետեւանքով հեղեղն ավերել է նման աղետների մշտապես ենթակա մայրաքաղաքային կենտրոնական հատվածը, որտեղ շենքերի զգալի մասը վթարային է եւ արդեն ավելի քան 100-ամյա, ընդ որում, մեծ մասամբ հողաշեն ու փայտաշեն:

Այս առնչությամբ հայտարարություններ են արել ինչպես մայրաքաղաքային իշխանությունները, այնպես էլ Վրաստանի նախագահը` խոսելով «հետնախորշային» տիպի շինությունների վերացման ու ընդհանրապես շինարարական ստանդարտների նորմալ վերահսկողության ապահովման մասին: Աղետի հասցրած վնասը վրացի մասնագետները դեռեւս գնահատում են, բայց արդեն իսկ խոսվում է միլիոնավոր լարիների վնասի մասին` հաշվի առնելով, որ առնվազն 15 ընտանիք տեղափոխվել է այլ կացարաններ:

Այդուհանդերձ, հայկական Սուրբ Նշանի պարագայում հատկանշականը ոչ թե թիֆլիսյան կենտրոնի ոչ բարվոք վիճակն է, այլ հենց եկեղեցին անտեր թողնելու հանգամանքը, որի պատճառով եկեղեցում «պատահական հրդեհ» է լինում, փլուզվում ու այդպես էլ խոնարհված մնում է 1701-ին կառուցված հսկայածավալ եկեղեցին` հիշեցնելով 2009-ի նոյեմբերին փլուզված իր ոչ այնքան հեռու հարեւան, 14-րդ դարի կառույց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու ճակատագիրը, որի վերականգնումն այդպես էլ վրացական խոստումներից ավելին չի դարձել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4