«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ԲԱՔՎԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ

Երեկ Բաքվի կենտրոնում ընդդիմությունը կազմակերպել է բողոքի ակցիա: Մի քանի հարյուր հոգի «ազատություն» վանկարկելով շարժվել են քաղաքապետարանի ուղղությամբ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակման դեմ: Ակցիան նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Բաքվի իշխանությունները հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի վայր են նշանակել արվարձանային Բիբեհեյբաթ ավանի 20-րդ տեղամասի ավտոդպրոցի հրապարակը: Ընդդիմության կարծիքով, դա արվում է նպատակային, որպեսզի հնարավորինս քիչ մարդ մասնակցի հանրահավաքին. ավտոդպրոցի վարժահրապարակը տեղավորում է մի քանի հազար մարդու: Բացի դրանից էլ հանրահավաքի օրն իշխանությունները դեպի Բիբիհեյբաթ արվարձան երթեւեկությունը դադարեցնում են:

Ոստիկանությունը դաժանորեն կասեցրել է դեպի Բաքվի քաղաքապետարան ցուցարարների երթը: Տասնյակ մասնակիցներ եւ պատահական անցորդներ ձերբակալվել, նետվել են ավտոբուսները եւ տարվել ոստիկանական տեղամասեր: Նույն ժամին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել Շատրվանների հրապարակում, որ նույնպես Բաքվի կենտրոնում է գտնվում: Այստեղ ցուցարարները նույնիսկ հասցրել են ելույթներ ունենալ: «Թուրան» գործակալության թղթակցի վկայությամբ, առանձնապես բուռն է եղել Շիրինբաջի Ռզաեւայի ելույթը: Նա հնչեցրել է «կորչեն այս կոռուպցիայի մեջ թաղված իշխանությունները» կոչը: Ռզաեւան ասել է, որ ինքը քաղաքականությունից հեռու կին էր: Իշխանությունները քանդել են նրան պատկանող բնակարանը, սակայն փոխհատուցում չեն տվել: Ռզաեւների ընտանիքը ներկայումս վարձով է ապրում:

Ռզաեւան ընդդիմության ապրիլի 22- ի հանրահավաքում նույնպես կրակոտ ելույթ է ունեցել եւ Իլհամ Ալիեւից պահանջել պատժել այն պաշտոնյաներին, որոնք «հարստանում են քաղաքացիների ողբերգության հաշվին»: Հանրահավաքին հաջորդած օրերին Ռզաեւների ընտանիքի անդամները բազմաթիվ սպառնալիքներ են ստացել: Մայիսի 10-ին, առանց համապատասխան թույլտվության եւ ընթերակաների, ոստիկանության շուրջ 30 աշխատակիցներ ներխուժել են Ռզաեւների վարձու բնակարանը եւ խուզարկել: Շիրինբաջի Ռզաեւի ասելով, ոստիականներից մեկը «պատուհանագոգին ինչ-որ փոքրիկ թղթածրար է թողել, իսկ մյուսը, վերստին մոտենալով, «հայտնաբերել է թմրանյութ», ինչի պատճառով էլ ձերբակալել են» նրա որդուն: Վերջինիս առաջադրվել է թմրանյութի ապօրինի շրջանառություն իրականացնելու մեղադրանք:

Շիրինբաջի Ռզեւայի ելույթի ժամանակ տեղ են հասել ոստիկանները եւ անմիջապես հարձակվել ցուցարարների վրա: «Թուրան»-ի տեղեկացվածությամբ, ծեծուջարդի է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ամենալուրջ վնասվածքներ ստացել է մի դպրոցահասակ պատանի, «ում գլուխը ոստիկանները ջարդել են»:

Այսպիսով, «Եվրոտեսիլ»-ին Բաքուն նախապատրաստվում է քաղաքացիների զանգվածային ձերբակալություններով եւ արյունահեղությամբ: Այլ կերպ լինել չէր կարող: Մի երկիր, որտեղ օրենքի փոխարեն գործում է բռնատիրությունը, անկախ արտաքին պչրանքներից, էությամբ մնում է վայրենի: Իսկ «Եվրոտեսիլ»-ական «աստղերը» Բաքվի գովքն անելիս ձեւակերպումների մեջ ժլատություն չեն անում: Մինչդեռ պարտավոր էին ահազանգ հնչեցնել, որ չեն երգի քաղաքում, որտեղ դպրոցական պատանու գլուխը ոստիկանները ջարդում են միայն այն բանի համար, որ ունկնդրել է իշխանություններին քննադատող ելույթ:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4