Վեգների ցուցահանդեսըՙ մայիսի 10 - հունիսի 24-ը Գերմանիայում
Դորտմունդի Շթայնվախե հիշատակի վայրում մայիսի 10-ին բացվել է «Արմին Թեոֆիլ Վեգներ. մոռացված ցեղասպանությունը. 1915-16 թվականների լուսանկարներ» վերնագրյալ ցուցահանդեսը, որ շարունակվելու է մինչեւ հունիսի 24-ը:
Շթայնվախեն Դորտմունդի գեստապոյի բանտն է եղել, ուր 1933-1945-ին 65 000 ձերբակալվածներ են պահվել: 1992-ից այն քաղաքի հուշարձանների շարքն է համալրել, ուր պետական արխիվը իր մշտական ցուցադրությունն է ներկայացնում:
Վուպերթալում ծնված գրող, էսսեիստ, ճանապարհորդ, քաղաքացիական ակտիվ նկարագրով, ժամանակի անողոք քննադատ Արմին Վեգներին Գերմանիայում ընթերցողների լայն շրջանակները, ինչպես տարբեր առիթներով մեր հարցումներն են պարզել, չեն ճանաչում, թեպետ, ինչպես վկայում է ցուցահանդեսի առիթով տպագրված կարճ հաղորդագրությունը, 1930-ականներին տպագրված նրա երկու ճամփորդական գրքերը, որ ծնունդ են առել կնոջՙ հրեա բանաստեղծուհի Լոլա Լանդաուի հետ դեպի Արեւելք կատարած ուղեւորությունների տպավորություններից, բեսթսելլեր են դարձել:
Դորտմունդյան ցուցահանդեսում ներկայացված կլինեն Մարբախի գերմանական գրականության արխիվի սեփականությունը հանդիսացող գրողի նամակները, օրագրերը, գրառումներ, 6700 լուսանկարներ: 1919-33 թվականներին Արմին Վեգներն աշխատել է Հայոց ցեղասպանության թեմայով վեպի վրա, որն անավարտ է մնացել, քանի որ 1933-ի օգոստոսին գեստապոն ձերբակալել է նրան, տանջանքների ենթարկել տարբեր բանտերում եւ ճամբարներում:
Ցուցահանդեսի բացմանը «Ականատեսը. Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով ելույթ է ունեցել Վուպերթալի Բերգիշե համալսարանի դոկտոր, պրոֆ. Անդրեաս Մայերը : Երաժշտական բաժինը ներկայացրել է «Արմին Վեգներ» ընկերակցության նախագահ Ուլրիխ Կլանը :
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
«Նեմեսիս գործողությունը եւ Հայոց ցեղասպանությունը» դասախոսությամբ մայիսի 18-ին, ժամը 19-ին հանդես կգա Պոտսդամում գործող «Լեփսիուս» հիշատակի տան գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը : Մայիսի 30-ին ժամը 19-ին կցուցադրվի Էրիկ Ֆրիիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» (ARD, 2010 թ.) ֆիլմը, որի ավարտին կազմակերպիչները նախատեսել են բանավեճ-քննարկում անցկացնել: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված վերջին միջոցառումը կանցկացվի հունիսի 22-ին ժամը 19-ին:
«Հայ ժողովրդինՙ դեպի անապատներ» վերնագիրն է կրում Կլաուս Դ. Կլաուսնիթցերի դասախոսությունը, որ պատկերավոր կդառնա ցուցադրվելիք լուսանկարների ուղեկցությամբ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա