Դեռ չսկսվածՙ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում երեկ կրկին հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ ՃՈ-ի եւս երեք պաշտոնյաների գործով դատական նիստը: Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը կրկին վատառողջ էր եւ դատարան չէր ներկայացել:
Նիստը նախագահող Մխիթար Պապոյանը դատական նիստը հետաձգեց մայիսի 30-ինՙ ժամը 14:30-ին:
Դատական հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես է գալու պաշտպանական ճառով, ինչին կհաջորդի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանն արդեն ներկայացրել է մեղադրական ճառն ու դատարանին միջնորդել Մարգար Օհանյանին ազատազրկման դատապարտել 8 տարի ժամկետով եւ գույքի կեսի բռնագրավմամբ: «Ազգ» օրաթերթն արդեն գրել է, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա չարաշահել էր պաշտոնեական լիազորություններն ու դիրքը եւ դրանք ծառայեցրել ոչ պետության օրինական շահերինՙ առաջացնելով ծանր հետեւանքներ: Մասնավորապես նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման մեջ: Թեպետ դատարանում Օհանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն փոխհատուցել է պատճառված վնասի առյուծի բաժինը: Օհանյանը հայտարարել է, որ պատրաստ է վճարել նաեւ մնացած հատվածը: Վերջինս դատարանում հայտարարել է, որ իր դեմ գործ է սարքել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում հետ ունեցել է տարաձայնություններ:
Հ. Հ.