«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՙ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` այս տարի հոբելյանական տոնակատարությունների շարքում ընդգրկվել է նաեւ Սայաթ-Նովայի 300-ամյակը: Հայաստանում եւ Վրաստանում այդ հոբելյանը նշում են հատուկ մշակված ծրագրով: Ավանդաբար, ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է իբրեւ Սայաթ-Նովայի հիշատակի օրՙ «Վարդատոն» ձեռնարկով: Դա մի ձեռնարկ է, որն ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային: Այն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիումՙ Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդ օրը, մայիսի 27-ին, Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը:

Ինչպես «Ազգի» հետ զրույցում Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը տեղեկացրեց. «Արդեն ութ տարի շարունակ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ (հիմնադիր-նախագահՙ Թ. Պողոսյան), ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ամեն տարի մայիսի 20-ին անցկացվում է ավանդական «Վարդատոն»ՙ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Կլինեն ելույթներ, ձոներ եւ, իհարկե, համերգային ծրագրով հանդես կգա «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը»: Հոբելյանական ծրագրումՙ մայիսի 20-ին, առավոտյան 11:30-ին, Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման խաչմերուկից կմեկնարկի քայլերթը դեպի Մաշտոցի պողոտայում գտնվող Սայաթ-Նովայի հուշաղբյուր: Մասնակիցներին, վարդ ձեռքերինՙ կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր անմասն չեն Սայաթ-Նովայի երգարվեստից ու երկրպագում են նրան: Քայլերթը կուղեկցվի աշուղի երգերի հնչյուններով: Ողջ օրվա ընթացքում տոնակատարությանը կմասնակցեն անվանի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ:

Երեւանցիները հավանաբար հիշում են, որ Սայաթ-Նովա փողոցի բացմանը, աջ եւ ձախ մասերը զարդարում էին սպիտակ վարդերը: Ցավոք, այդ վարդի թփերը երկար կյանք չունեցան: Հոբելյանական այս տարվա ձեռնարկներում քաղաքապետարանը իրականացնում է հատուկ ծրագիրՙ փողոցը տոնական տեսքի բերելու նպատակով: Մայիսի 20-ը համաժողովրդական տոնակատարության օր է, որը հարգանքի տուրք է մեծ աշուղ, գրող եւ կյանքի վերջին անբասիր հոգեւորական Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4